Յուսեֆ Բարդուկա, OC Media
Ադրբեջանը հուլիսի 3–4-ը Ստեփանակերտում անցկացրել է Եվրասիական համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) գագաթնաժողովը՝ այն դարձնելով Լեռնային Ղարաբաղում անցկացված առաջին խոշոր միջազգային համաժողովներից մեկը 2023-ին տեղի ունեցած հայ բնակչության զանգվածային տեղահանությունից հետո։
Գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումը Ստեփանակերտում «հատուկ նշանակություն» ունի։
«Արդեն մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ անցկացվել են Հայաստանի օկուպացիայից ազատագրված մեր տարածքներում։ Ցանկանում եմ նշել ԵՀԿ նախարարների խորհրդի նիստը Շուշայում [Շուշի] 2023-ին, Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը 2024-ին, և Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը Լաչինում՝ այս տարվա մայիսին»,- ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ «մեծածավալ վերականգնման և կառուցման աշխատանքներ են իրականացվում Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տարածքներում»։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական հարձակմանը հաջորդած զանգվածային տեղահանությունից հետո Ղարաբաղը հիմնականում մնում է լքված։

Ադրբեջանը քննադատության է արժանացել միջազգային կազմակերպությունների և դիտորդների կողմից՝ Ղարաբաղի տարածքում իրականացվող «վերականգնման» աշխատանքների համար, որոնց շրջանակում վնասվել են Ստեփանակերտի մի շարք կարևոր շինություններ, ինչպես նաև հաղորդվել է եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին։
Ալիևը գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ «Ադրբեջանը այժմ նոր քաղաքներ և գյուղեր է կառուցում այն տարածքներում, որոնք Հայաստանը վերածել է ավերակների»։ Նա նշել է, որ «Մեծ վերադարձի» ծրագիրը շարունակվում է, և ներկայում 50,000-ից ավելի մարդ ապրում, աշխատում և սովորում է այդ տարածքներում։ Նրա խոսքով՝ նախկին տեղահանվածները վերադարձել են արդեն 16 բնակավայր։
Գագաթնաժողովին մասնակցել են ԵՀԿ անդամ երկրներ՝ Թուրքիա, Պակիստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան, Տաջիկստան և Աֆղանստան։ Մասնակցել է նաև Իրանը՝ չնայած Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գագաթնաժողովի ժամանակ, ըստ հաղորդումների, Ալիևին հորդորել է հետաքննել՝ արդյոք Իսրայելը օգտվե՞լ է Ադրբեջանի օդային տարածքից Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։
Մասնակցել են նաև ԵՀԿ դիտորդներ՝ ներառյալ Թուրքական Կիպրոսի պետությունը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը, ինչպես նաև հատուկ հյուրեր Նիգերիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։