«Թշնամական քարոզչություն»․ Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Հայաստանը Ռուսաստանին իր խիստ բողոքն է հայտնել ռուսական ԶԼՄ-ներում ՀՀ կառավարության դեմ ծավալված «բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության» կապակցությամբ։ Ըստ հայկական կողմի՝ այս քարոզչությունն ակտիվորեն սնվում է ռուս պաշտոնյաների, Պետդումայի պատգամավորների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով։ Այդ մասին ԱԳՆ-ն հայտնել է Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Նշվում է, որ այդ բողոքը փոխանցվել է հայտագրի միջոցով, որը հանձնվել է ՀՀ ԱԳՆ կանչված ՌԴ դեսպանին։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական պետական հեռուստաալիքներով հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և չեզոքացնում են երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի դրական արդյունքները։

Հայտագրում առանձին վրդովմունք է արտահայտվել Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կանխման վերաբերյալ ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորների մեկնաբանությունների կապակցությամբ։ Այդ պատգամավորները հեղաշրջում պլանավորողների ձերբակալությունը որակել էին «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»։

«Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նման տեղեկատվական քաղաքականությունն իրականացվում է նպատակաուղղված կերպով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրինականության և սահմանադրական կարգի խաթարման նպատակով»,- ասվում է պատասխանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել