Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում։ Նման հայտարարություն է հուլիսի 4-ին տարածել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը։ Այն Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ընթերցեց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Մեր ժողովուրդն իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում ոչ թե ես եմ, այլ այսօրվա իշխանությունները, որոնք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից, Հայաստանից ու մեր պատմական արժեքներից մեկուսացած։ Եվ մենք պետք է միասին ոչ թե արձանագրենք այդ իրողությունը, այլ քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին»,- ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։
Կարապետյանը նաև նշել է, որ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու ժամանակը»։
Գործարարի խոսքով՝ պայքարը նպատակ ունի վերջ տալ մի շարք բացասական երևույթների, որոնց թվում նա նշել է «արժանապատվության վերականգնումը, արհեստական պառակտումը սփյուռքի հետ, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը»։
***
Այսօր նաև հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի որոշումն ուժի մեջ է թողել։
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում էր կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Հունիսի 19–ին Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ դեմ արտահայտվելով կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանական կողմը որոշել էր հրաժարվել բողոքից՝ հիմնավորելով դա դատավորի վերաբերյալ տարիներ շարունակ գոյություն ունեցող բացասական գնահատականներով։ Նրանք ընդգծել էին, որ Դանիելյանը հաճախ է հայտնվել բացարկի միջնորդությունների կենտրոնում և դատական համակարգում ունի նվազ վստահություն։ Չնայած բողոքի հետ կանչմանը, դատավորը գործը շարունակել է քննության առնել և այն չի կարճել։