Ագրեսիայի հանցագործության քննարկումներ՝ Նյու Յորքում. ինչո՞ւ են դրանք կարևոր Հայաստանի համար

Գուրգեն Պետրոսյան

Հուլիսի 7-9-ին Նյու Յորքում կանցկացվեն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ պետությունների կարևոր քննարկումները՝ Հռոմի ստատուտի շրջանակներում ագրեսիայի հանցագործության իրավազորության ընդլայնման վերաբերյալ։

Ինչո՞ւ են այս քննարկումները կարևոր Հայաստանի համար։

Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է ենթարկվել ամենօրյա սպառնալիքների և փաստացի ագրեսիայի, քանի դեռ ադրբեջանական զինուժը մնում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բացի այդ, ագրեսիայի սպառնալիքը մշտապես առկա է նաև Թուրքիայի կողմից։

Այս պահին Հռոմի ստատուտով ագրեսիայի հանցագործության իրավազորությունը սահմանափակ է։ Մասնավորապես, այն կիրառելի է միայն այն պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել են ՄՔԴ հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի Կամպալայի լրացումները (անգլ.՝ Kampala Amendments to the Rome Statute

Հռոմի ստատուտի Կամպալայի լրացումները լրացուցիչ դրույթներ են, որոնք տալիս են ագրեսիայի հանցագործության իրավական սահմանումը և հաստատում են ՄՔԴ իրավազորությունը այդ հանցագործության նկատմամբ որոշակի պայմաններում։ Այդ լրացումները ընդունվել են 2010թ. հունիսի 11-ին Կամպալայում (Ուգանդա) ՄՔԴ անդամ պետությունների համաժողովի ընթացքում։

Հայաստանն առայժմ չի վավերացրել այս դրույթները, ինչը նշանակում է, որ իրավաբանորեն պարտավորված չէ ձեռնպահ մնալ ագրեսիայից, նաև՝ պաշտպանված չէ ագրեսիայից։

Նույնիսկ եթե Հայաստանը վավերացներ Կամպալայի դրույթները, դա դեռևս չէր ապահովի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայի դեմ, քանի որ Ադրբեջանը նույնպես չի հանդիսանում Հռոմի ստատուտի անդամ և չի վավերացրել ագրեսիայի հանցագործությունը։

Այնուամենայնիվ, քննարկվող փոփոխությունները նպատակ ունեն ընդլայնել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ագրեսիայի հանցագործության շրջանակներում։ Եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա ստացվում է, որ Հռոմի ստատուտի անդամ պետությունները, որոնք վավերացրել են ագրեսիայի հանցագործության վերաբերյալ դրույթները, կարող են պաշտպանված լինել նույնիսկ այն պետությունների ագրեսիայից, որոնք չեն հանդիսանում անդամներ։ Այսինքն՝ իրավազորությունը կարող է տարածվել նաև չմիացած հարձակվող պետությունների վրա։

Այս նոր իրավական մեխանիզմը կենսական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար։ Եթե Հայաստանը վավերացնի ինչպես ագրեսիայի հանցագործության սահմանումը, այնպես էլ դրա ընդլայնված իրավազորությունը, ապա, օրինակ, Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում ՄՔԴ-ն կարող է քրեական հետապնդում հարուցել այդ հարձակման պատասխանատուների, ներառյալ՝ երկրի ղեկավարության նկատմամբ՝ անկախ նրանից, թե այդ պետությունը անդամ է, թե ոչ։

Այս փոփոխությունը կանխարգելիչ նշանակություն ունի։ Խաղաղության գործընթացի ընթացիկ փուլում, երբ Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին ագրեսիվ մտադրությունների մեջ, Հայաստանի կողմից ագրեսիայի հանցագործության ընդունումը փաստացի ուղերձ է միջազգային հանրությանը և Ադրբեջանին, որ ինքը պատրաստ չէ ագրեսիայի, և նույնիսկ իր ղեկավարությունը կարող է պատասխանատվության ենթարկվել նման քայլի դեպքում։ Միևնույն ժամանակ, իրավաբանորեն այս քայլը ուժեղացնում է Հայաստանի դիրքերը՝ կանխարգելելով Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա հարձակումները։

Հետևաբար, Հայաստանը պետք է առավելագույնս հստակ և ռազմավարական դիրքորոշմաբ հանդես գա այս կարևոր միջազգային քննարկումներում։

Գուրգեն Պետրոսյանը միջազգային իրավունքի մասնագետ է, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս

Մեկնաբանել