Ամոթ է Հայաստանում ստեղծված անառողջ և ապազգային մթնոլորտը․ Արամ Ա

Ամոթ է Հայաստանում ստեղծված անառողջ և ապազգային մթնոլորտը։ Այս գնահատականը տվել է Արամ Ա Կաթողիկոսը։ Նա հայտարարություն է տարածել, որում նշել է, որ պատրաստ է որևէ պահի Հայաստան ժամանել, խորհրդակցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատասխանատու այլ անձանց հետ՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու հարմար լուծումներ գտնելու նպատակով։
«Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։
Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցւոյ կամ կազմակերպութեան կեանքին մէջ սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկուին յատուկ գործընթացքներու ճամբով եւ հանդարտ մթնոլորտի մէջ, որպէսզի կարելի ըլլայ համապատասխան լուծումներու յանգիլ։
Շուրջ վեց տարիներէ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպէսզի կարենամ օժանդակել ստեղծուած փոթորիկը նուազագոյնը հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն, Ազգային Ժողովէն ու ընկերային ցանցերու ճամբով եւ այլապէս կատարուած ու շարունակուող անմակարդակ, մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող արտայայտութիւնները, ինչպէս նաեւ կատարուող ձերբակալութիւնները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դէպի Հայրենիք։
Սակայն, կը մնամ միշտ յանձնառու, որեւէ ժամանակ գալու Հայրենիք եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին ու այլ պատասխանատուներու հետ խորհրդակցելու, որպէսզի կարելի ըլլայ ստեղծուած ծանր իրավիճակէն Հայաստանը դուրս բերելու յարմարագոյն լուծումներ որոնել»,- ասված է Արամ Ա Կաթողիկոսի հայտարարության մեջ։
***
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակասությունները առանձնապես սրվել են մայիսի վերջից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դրեց Գարեգին Բ կաթողիկոսի կուսակրոնության ուխտը, ապա նաև պահանջեց նրան գահընկեց անել։ Փաշինյանի քննադատությանը նախորդել էր մայիսի 24-ին Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությունը Բեռնում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ համաժողովին։
Հունիսի 27-ի առավոտյան ուժայինները փորձել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բայց տարածքում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ թույլ չեն տվել։ Որոշ ժամանակ անց ուժայինները հեռացել են տարածքից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնուհետև ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե։ Նրան 2 ամսով կալանավորել են:
Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեջ:
Հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Թեմա
Civilnet










