Պուտինի՝ Ղարաբաղի ինքնորոշման մասին տեսանյութը խմբագրված է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCHeck
Սոցիալական ցանցերում հուլիսի 3-ից տարածվում է տեսանյութ՝ «Պուտինը Ղարաբաղի ինքնորոշման մասին՝ Ադրբեջանում ռուսների նկատմամբ նացիզմի դրսևորումներից հետո» վերտառությամբ։
«Նրանք որոշում կայացրին անջատվելու։ Ղարաբաղի անկախություն։ Նրանք դա անելու իրավունք ունեի՞ն, թե՞ ոչ»,- իբր ասում է Պուտինը՝ հղում անելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Տեսանյութը հրապարակվել է հուլիսի 2-ին օգտատեր David Arutyunyan-ի «Տիկ-տոկ» էջում և հուլիսի 3-ից լայն տարածում է ստացել տարբեր հարթակներում՝ հավաքելով մոտ 400 հազար դիտում և ավելի քան 8000 արձագանք։
#CivilNetCheck-ը ստուգել է տեսանյութի իսկությունը և պարզել, որ այն խմբագրված է։
Ինչպե՞ս է ստեղծվել կեղծ տեսանյութը
Տեսանյութում օգտագործված կադրերը վերցված են Վլադիմիր Պուտինի՝ 2025-ի հունիսի 19-ին միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որը պաշտոնական սղագրությունը հրապարակված է Կրեմլի կայքում։
Հանդիպման ընթացքում Պուտինը խոսել է Դոնեցկի և Լուգանսկի՝ Ուկրաինայից անջատվելու իրավունքի մասին՝ հիմնավորելով դա ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Կոսովոյի նախադեպով։
Սակայն համացանցում շրջանառվող տեսանյութը խմբագրված է։ Պուտինի խոսքից հանվել են Դոնբասի, Դոնեցկի և Լուգանսկի մասին հատվածները և փոխարենը ավելացվել է «Ղարաբաղի անկախություն» արտահայտությունը, իսկ «Կիև» բառի փոխարեն ավելացվել է «Ադրբեջան»։
Կեղծ տեսանյութի տարածումը համընկնում է հուլիսի սկզբին Բաքվում ռուս լրագրողների և քաղաքացիների ձերբակալությունների հետ, ինչը օգտագործվել է որպես առիթ՝ մոնտաժված տեսանյութի տարածման համար։ Այնինչ, բնօրինակ ելույթում Պուտինը չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը։
2020-ի պատերազմից հետո Վլադիմիր Պուտինը բազմիցս պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի տարածք է, և Հայաստանը չի ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Պուտինը իր հրապարակային ելույթներում երբեք չի պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը։
Այսպիսով, Պուտինի՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին ելույթի տեսանյութը կեղծ է և ստեղծվել է 2025-ի հունիսի 19-ի նրա իրական ելույթի խմբագրման միջոցով։ Բնօրինակ ելույթում Պուտինը խոսել է Դոնեցկի և Լուգանսկի մասին, ոչ թե Ղարաբաղի։
Civilnet
CivilNetCheck










