Մեծ ասուլիս, որտեղ խեղդվեց բովանդակությունը

Արշալույս Մղդեսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի 4,5-ժամյա ասուլիսը, չնայած ձևական բաց հաղորդակցությանը, թողեց ծանր տպավորություն։ Ասուլիսին ներկա լրագրողներից շատերի նման՝ ես նույնպես դուրս եկա զգացողությամբ, որ ի վերջո շատ կարևոր հարցեր մնացին անպատասխան։ Ո՞րն էր խնդիրը։ Ինձ համար՝ նախևառաջ ձևաչափը։
Գովելի է, որ ասուլիսը կազմակերպվում է առանց հարցերի նախնական սահմանափակումների: Սա խոսքի ազատության կարևոր ցուցիչ է: Սակայն բացի խոսքի ազատության ապահովման ձևական մասից, կա նաև որակական կողմը։ Երբ լրագրողին տրվում է ընդամենը երկու րոպե, որի ընթացքում նա տեսականորեն կարող է հնչեցնել նույնիսկ 7-8 հարց, սակայն չի ստանում ոչ արձագանքելու, ոչ էլ իր հարցը ճշգրտելու հնարավորություն, ստացվում է միակողմանի խոսակցություն։ Պաշտոնյան խոսում է իր ուզած եղանակով՝ հաճախ շրջանցելով ցավոտ հարցերը, անհրաժեշտության դեպքում փաթեթավորելով իր պատասխանը այլաբանություններով, փոխաբերություններով կամ ուղղակի բառախաղով։ Իսկ Փաշինյանը դա կարողանում է անել գերազանց՝ իր լրագրողական փորձով ու հանրային քաղաքականության գործիքակազմին տիրապետելով։
Արդյունքում, գրեթե ցանկացած բարդ հարցի կարող է հաջորդել երկար ու հուզական պատասխան, որը գուցե հետաքրքիր է լսել, բայց անպայման չէ, որ օգտակար է։ Վարչապետը մանիպուլյատիվ հնարքների վարպետ է. մի դեպքում նա թեման փոխում է, մյուս դեպքում սկսում է գեղարվեստական ոճով պատմել իր ներաշխարհի ու համոզմունքների մասին՝ առանց անդրադառնալու հարցի էությանը։
Տպավորվող օրինակներից մեկն էր լրագրող Ամալյա Առաքելյանի հարցը՝ արդարադատության համակարգում երկակի ստանդարտների վերաբերյալ։ Նա հարցրեց, թե ինչպես է պատահում, որ տարիներ անց դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ ողբերգական դեպքի համար, ինչի հետևանքով մահացել էր հղի կին, մինչդեռ ութ ամսական երեխայի մայրը վերջերս կալանավորվեց՝ խարդախության կասկածանքով (հուլիսի 17-ին դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխվեց վարչական վերահսկողությամբ և երկրից չհեռանալու արգելքով):
Հարցի էությունը՝ օրենքի առջև անհավասարության մասին էր։ Սակայն փոխանակ անդրադառնալու հենց այդ խնդրին, Փաշինյանը սկսեց բացատրել, թե ինչու ինքն անձամբ մեղավոր չէ այդ միջադեպի համար, բերեց օրինակներ հանրային տրանսպորտից, համեմատեց իրավիճակը ավտոբուսային պատահարի հետ։ Լրագրողը մի քանի անգամ փորձեց հետ բերել խոսակցությունը բուն թեմային, բայց վարչապետն այլևս չէր արձագանքում։
Կարևոր շատ հարցեր, այդ թվում իմ հարցերից մեկը, որ վերաբերում էր էներգետիկայի գծով փոխնախարարի արդեն տասը ամիս թափուր պաշտոնին և ռազմավարական ենթակառուցվածքների ազգայնացման պայմաններում արդյունավետ կառավարման հնարավորություններին, ևս մնացին առանց ուղիղ պատասխանի։ Դրա փոխարեն հնչեցին ընդհանրական խոսքեր վերահսկողության, պետական պատասխանատվության կարևորության մասին, որից հետո թեման պարզապես փոխվեց։ Իսկ հարցը, որ կենսական նշանակություն ունեցող ոլորտը շարունակում է մնալ առանց համակարգողի, այդպես էլ մնաց առանց պատասխանի։
Սա դառնում է համակարգային խնդիր։ Եվ հենց այստեղ է, որ բուն ձևաչափը խանգարում է իրական հաղորդակցությանը։ Ասուլիսը վերածվել է քաղաքական մենախոսության, իսկ լրագրողը՝ դեկորատիվ մասնակցի։
Որպես լուծում՝ կառաջարկեի վերանայել ասուլիսի կառուցվածքը։ Տրամաբանական կլինի սահմանափակվել առավելագույնը երկու հարցով և ապահովել լրացուցիչ մեկ հնարավորություն՝ արձագանքելու կամ հարցը ճշգրտելու համար։ Դա թույլ կտա պահպանել հաղորդակցության ոգին՝ առանց այն վերածելու ժամանակատար վեճի։
Երկրորդ՝ կարևոր է վերանայել նաև մեր՝ լրագրողների մոտեցումը։ Հաճախ, երբ կարևոր հարցը մնում է անպատասխան, հաջորդ լրագրողը պարզապես անտեսում է դա և տալիս իր հարցերը։ Քիչ են դեպքերը, երբ գործընկերները մեկ ուրիշի չպատասխանված հարցի հստակեցում են պահանջում։ Համագործակցության կամ միասնական մասնագիտական համայնքի ոգին չի զգացվում։ Համագործակցային մոտեցումը կարող է էապես բարձրացնել թե՛ ասուլիսների արդյունավետությունը, թե՛ դրանց հասարակական արժեքը։
Վերջում մնում է գլխավոր տպավորությունը՝ նույնիսկ ամենահրատապ ու սուր հարցերը խեղդվում են բառերի հորձանուտում, փոխաբերությունների շարաններում ու քաղաքական «պոեզիայի» տարափում։ Պատասխանները բացակայում են, փոխարենը՝ կա վարչապետի ինքնավստահությունը, որ կրկին հաջողվել է պահել օրակարգի ղեկը։
Հաղորդակցման այս ձևաչափը շահավետ է իշխանության համար, բայց ոչ շահեկան հանրային շահի տեսանկյունից։
Civilnet










