Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գնահատմամբ՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն ՀԷՑ-ի գործով արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։
«Ես չեմ կարող ասել, դա կարող է հակասել կամ կհակասի կամ կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր»,- ասաց նախարարը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում։
Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հուլիսի 22-ին հրատապ վճռով որոշում է կայացրել հօգուտ Սամվել Կարապետյանի, որը հայց էր ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։
Ստոկհոլմի արբիտրաժի որոշման վերաբերյալ Գալյանն ասաց, որ ներկայում գործը գտնվում է նախնական ապահովման միջոցի փուլում, և ըստ էության՝ վեճի քննություն դեռ չի կատարվել։ Ըստ նախարարի, երբ միջազգային արբիտրաժը սկսի փաստացի վեճի քննությունը, նոր միայն կգնահատվեն հանգամանքներն ու նպատակը։
Նախարարն ասաց, թե կառավարությունը չի խախտել որևէ նորմ․ «Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում՝ ո՛չ օրենսդրության, ո՛չ միջազգային կոնվենցիայի, թույլ չի տրվում»։
Նրա խոսքով՝ կառավարությունում քննարկվել են բոլոր հնարավոր ռիսկերը՝ կապված ՀԷՑ-ի հետ, որոնք որակվել են որպես «շատ բարձր», և կայացված որոշումներն ուղղված են եղել այդ ռիսկերի հաղթահարմանը։
Գալյանը հավելեց, որ ժամանակավոր կառավարիչը նշանակվել է ոչ թե կառավարության, այլ համապատասխան հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պարագայում։
«Մեր պետության ինքնավար մարմինը որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։ Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի՝ ըստ էության քննությանը։ Իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները, և կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրը արդեն անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա։ Այդ առումով, այո՛, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,- ասաց արդարադատության նախարարը։
Հուլիսի 18-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։
Civilnet











