Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման մեկնարկը տեղափոխվել է 2026 թվական՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով. այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Factor TV-ին տված հարցազրույցում։
«Մենք ասել ենք, որ նախագիծն այնպես ենք կազմել, որպեսզի մեկնարկը տրվի 2025-ին, սակայն քննարկումները և բյուջետային հնարավորությունները, մեզ ստիպեցին որոշակի հետաձգում իրականացնել։ Կառավարության ծրագրում նախանշված բարեփոխման մեկնարկը պետք է տանք 2026-ին։ Բայց սա չի նշանակում, որ մենք այս ընթացքում բարեփոխման առանձին հատվածներ չենք իրականացրել»,- նշել է նախարարը:
Ըստ նախարարի՝ առողջապահական ծախսերը պետք է դիտարկվեն որպես ներդրում, ոչ թե որպես ծախս։
«Ընդհանուր առմամբ, համակարգի գնահատման ամենակարևոր ցուցանիշներից մեկը մարդու կյանքի միջին տևողության գնահատականն է։ Համաշխարհային բանկի հրապարակված 2023-ի տվյալներով՝ Հայաստանը գրանցել է 77,7 տարի կյանքի միջին տևողություն, որը տարածաշրջանում ամենաբարձրն է»,- ընդգծել է նախարարը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է հիվանդանոցների մատուցած ծառայությունների գներն ավելի բարձր, քան պետպատվերն է փակում, Ավանեսյանն ասել է, որ դա բյուջետային սահմանափակումների պատճառով է. «Միշտ էլ բյուջեի խնդիրն է եղել, որ մեր երկրում առողջապահական ծախսերը մեր ՀՆԱ-ի 1,5%-ն են և ոչ թե, ասենք, 3-4%-ը, և մեր հանձնառությունն է այդ ծախսերի հատվածը ավելացնել»։
Նա հավելել է, որ որոշ ծառայությունների գները վաղուց չեն վերանայվել, սակայն գործընթացը արդեն մեկնարկել է։
«Օրինակ, մանկական վիրաբուժական ծառայությունները այս տարի ամբողջությամբ վերանայվել են։ Ոչ միայն ծավալը… վիրաբուժական ծառայությունների ամբողջ գնացուցակ է փոփոխվել»,- ասել է նա՝ շեշտելով, որ կատարվում են փոփոխություններ ոչ միայն գների, այլև ծառայությունների որակի, դեղորայքի, միջամտությունների ու բժշկի վարձատրության մակարդակով։
Նախարարը նշել է նաև, որ նույն մոտեցմամբ կվերանայվեն մեծահասակների վիրաբուժական ծառայությունների գները՝ ընդունելով, որ ներկայիս գներն արդեն չեն համապատասխանում շուկայական իրողություններին։
«Հուսով եմ, որ սեպտեմբերից այս շատ կարևոր խոցելի ուղղությունը ևս ամբողջությամբ վերանայված կլինի»,- նշել է նա՝ անդրադառնալով վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ոլորտին։
Ավանեսյանը ընդգծել է նաև պետական ֆինանսավորման աճը՝ նշելով, որ առողջապահական բյուջեն 2018-ի համեմատ կրկնապատկվել է։
«Մենք 2018-ին ունեցել ենք 81 մլրդ դրամի առողջապահական բյուջե։ Այսօր 167 մլրդ է, դեռ չհաշված այս տարվա ընթացքում ավելացումները»,- նշել է նա՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը՝ բարելավել բնակչության առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Civilnet











