Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։
«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձևակերպի արժանի գնահատական»,- ասված է հայտարարության մեջ։
Հուշարձանը Ստեփանակերտում տեղադրվել էր 2021-ին։ Հուշարձանի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովն է։
Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում։
«Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», - ասել է Շվիդկոյը։
Նա հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է ռուս խաղաղապահ զորքերի մասնակցությամբ։
2020-ի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը գրավված տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում։ Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Եկեղեցիները մզկիթի են վերածել կամ հիմնահատակ քանդել են։
Civilnet









