Նուբարաշենի այրվող աղբավայր, խեղդվող Երևան

Լիա Ավագյան
Երեք օր է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է։ Ծխի շերտով են պատվել հարակից Նուբարաշեն և Էրեբունի համայնքները, ծխի հոտը զգացվում է ամբողջ Երևանում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից ՍիվիլՆեթին ասացին, որ ներկայում վեց մարտական հաշվարկ հրդեհաշիջման աշխատանքներ է կատարում։
Նուբարաշենի աղբավայրում առաջին անգամ չէ, որ հրդեհ է բռնկվում։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը խոստանում է եվրոպական չափորոշիչներով նոր աղբավայր կառուցել, ունենալ աղբի տեսակավորման, վերամշակման գործարան։ Քաղաքապետարանի վերջին խոստումներից էին Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը և նոր ծրագիր՝ Համաշխարհային բանկի հետ։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանը համագործակցում էր միջազգային կառույցների հետ՝ Նուբարաշենի գործող աղբավայրի փակման և նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ վերլուծական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ծրագրի ներկայացման համար։
«Սակայն քանի որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պատրաստում է ավելի ընդգրկուն ծրագիր, որը ներառելու է նաև ՀՀ մարզերը, որոշվել է Նուբարաշենի աղբավայրի խնդիրը լուծել այդ ծրագրի շրջանակում։ Ծրագրի մեկնարկի դեպքում Երևանը կունենա առաջնահերթություն։ Ներկայում ՏԿԵՆ-ը և միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքներ են տարվում, որպեսզի ծրագրային և վերլուծական բոլոր փաստաթղթերը պատրաստվեն»,- ասում է Կոստանյանը։
Աղբավայրը ձևավորվել է 1950-ականներից, տարածվում է արագ և ընդգրկում է մոտ 53 հա տարածք։ Բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը աղբավայրի գոյությունը մտահոգիչ է համարում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության տեսանկյունից։
«Ամբողջ աղբը առանց տեսակավորման գնում է աղբավայր, մեծ տարածք է, որը ծածկված է աղբով և այդ աղբը անընդհատ քիմիական պրոցեսներով է գնում։ Բաց այրման գործընթաց է սա, մենք չենք էլ կարող նորմալ հանգցնենք, որովհետև ինչ-որ մի տեղ օջախը մարվում է, մյուս տեղում՝ սկսում, որովհետև խորքում է ամեն ինչ։ Այ սա է վտանգավոր, քանի տարի մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրը չի լուծվում»,- ասում է Զարաֆյանը։
Զարաֆյանի խոսքով՝ աղբավայրի հարցը լուծելը մեծ գումարներ կարժենա, սակայն ավելացնում՝ եթե կարճ ժամկետներում հարցը չկարգավորվի, գումարի ծավալը կմեծանա, որովհետև աղբավայրը ամենօրյա ռեժիմով շահագործվում է։
«Օրեցօր այդ խնդիրը ավելի սուր է դառնում։ Գիտե՞ք ինչ, հիմնականում աղբի կառավարումը լուրջ խնդիր է, և աղբի կառավարումը չի լուծվում առանձին-առանձին փոքր ինչ-որ կետային լուծումներով։ Մենք չենք կարող, օրինակ, պլաստիկ աղբի խնդիրը լուծել, արգելելով ուղղակի ինչ-որ մի չափսի պլաստիկ, պետք է լուրջ համակարգ լինի, կառավարման համակարգ։ Պատասխանատվություն դու պետք է դնես պետության վրա, բիզնեսի վրա, պետք է լուրջ համակարգ լինի, այդ համակարգը մենք չունենք»,- ասում է Զարաֆյանը։
Civilnet










