Ադրբեջանական կողմից կրակել են Չինարի գյուղի ուղղությամբ. հայ զինվոր է վիրավորվել

Ադրբեջանցի դիպուկահարը փետրվարի 12-ին կրակել է Չինարի գյուղի ուղղությամբ՝ անչափահաս երեխաների տեղափոխող մեքենայի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Ամենասարսափելին այն է, որ մեքենայի մեջ եղել են անչափահաս երեխաներ, և երջանիկ պատահականությամբ նրանց հաջողվել է դուրս փախչել մեքենայից: Աշխատել է դիպուկահար, և եղել են մի քանի կրակոցներ: Կրակոց է եղել նաև գազի խողովակի ուղղությամբ և տներից մեկի դարպասին»,- ասել է Չինարիի գյուղապետը՝ շեշտելով, որ «Փառք Աստծո, զոհեր չկան»: Նրա խոսքով՝ գյուղում հիմա ամեն ինչ խաղաղվել է:

Ինչպես Times.am-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, թշնամին հրադարարի ռեժիմը խախտել է երեկոյան ժամը 21:00-ին: Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր, բարեբախտաբար, չկան: Ադրբեջանցիների հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով: Ավերածությունների և պատճառված վնասների չափը կհստակեցվի առավոտյան: Հովհաննիսյանը նշել է, որ թշնամին կրակել է նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային): Զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Վնասվել է Մելիքբեկյանի սրունքը:

Հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մորաքույրս զանգեց Չինարիից, թե գյուղացիները տագնապած մտել են գետնահարկ ապաստարանները: Օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները կրակել են բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են մեկ տուն ու մեկ ավտոմեքենա, գազատար խողովակ է պայթել: Անվտանգության նկատառումով գյուղի գազամատակարարումը դադարեցվել է»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության ուղղությամբ ամեն շաբաթ արձակում է շուրջ 1500 կրակոց՝ ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունների՝ ամեն շաբաթ գրանցվում է 200-300 սահմանախախտում: Անցյալ տարի հակառակորդի թիրախում էին Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը: Ադրբեջանական կողմից կրակել են այգեգործի, մանկապարտեզի, հումանիտար նպատակներով գյուղեր ուղևորված միջազգային կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ:

Մեկնաբանել