Գևորգ Թոսունյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդիրը։ Այս մասին ԱԳՆ-ից հայտնել են՝ ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման։
Նախարարությունից նշել են, որ հարցը հասցեագրվում է առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում, որտեղից «ակնկալվում է դրական հանգուցալուծում»՝ այն դիտարկելով նաև որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ։ Ըստ պատասխանի՝ թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը։ ԱԳՆ-ն նաև պարբերաբար հանդիպումներ է ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ»,- նշված է պատասխանում։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից դադարեցրեց իր գործունեությունն այդ երկրում։
Անդրադառնալով Կարմիր խաչին՝ ԱԳՆ-ից նշել են, որ ըստ կոմիտեի ներկայացուցիչների՝ իրենք շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։
««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»,- ասված է ԱԳՆ պատասխանում։
Հայ գերիները՝ լիակատար մեկուսացման մեջ
ՍիվիլՆեթի հետ զրույցում այս թեմային անդրադարձել է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի՝ Բաքվի գրասենյակի փակումից հետո հայ գերիները հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ, ինչը կտրուկ մեծացնում է նրանց նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ռիսկերը։
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ իշխանություններին՝ պնդելով, որ նրանք չեն ձեռնարկել այլընտրանքային քայլեր՝ իրենց քաղաքացիներին տեսակցելու համար։ Մասնավորապես, Սահակյանը նշել է, որ կառավարությունը կարող էր դիմել որևէ երրորդ երկրի, օրինակ՝ Շվեյցարիային, որպեսզի վերջինիս հյուպատոսական ծառայությունը փորձեր այցելել գերիներին, սակայն, ըստ նրա, այս ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերվել։
Ի տարբերություն ԱԳՆ դիրքորոշման, թե խաղաղության պայմանագիրը կնպաստի հարցի լուծմանը, Սահակյանը կարծիք է հայտնել, որ գերիների վերադարձը պետք է դիտարկվի որպես խաղաղության հաստատման «նախապայման», առանց որի այդ գործընթացը չի կարող վստահություն ներշնչել։
Կարդացեք նաև՝
Civilnet











