Գլխավոր Լրահոս

«Դոնեցկի դատարանի» որոշումը՝ Հայաստանում կալանավորման հիմք․ իրավապաշտպանն ահազանգում է

«Դոնեցկի դատարանի» որոշումը՝ Հայաստանում կալանավորման հիմք․ իրավապաշտպանն ահազանգում է

Գևորգ Թոսունյան

Հայաստանում ժամանակավոր՝ 40 օրով կալանավորվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Նոդարի Կինոիանին: Կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սա որակում է վտանգավոր նախադեպ, որով Հայաստանը ոչ միայն օրինականացնում է անօրինական կազմավորման որոշումը, այլև դառնում է քաղաքական հետապնդման մասնակից։ Ավելին, ըստ Սաքունցի, Վրաստանի ոստիկանությունը նույն անձի վերաբերյալ տրամագծորեն հակառակ որոշում է կայացրել՝ ԴԺՀ-ն որակելով «ինքնահռչակ հանրապետություն», որի որոշումները չեն կարող իրավական հիմք լինել։ 

Սաքունցի խոսքով՝ 2025-ի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի դատախազ Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1996-ին ծնված Գիորգի Կինոիանիի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Կալանավորման որոշման հիմքը եղել է ՌԴ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ ՌԴ Քրեական օրենսգրքով (վարձկանի մասնակցությունը [Ուկրաինայի] զինված գործղություններին)։ Ձերբակալման արձանագրությունը ստորագրել է ոստիկանության ավագ լեյտենանտ Մհեր Սաթուրյանը։ 

Վտանգավոր նախադեպ

Ըստ Սաքունցի՝ հայկական կողմին տրամադրված փաստաթղթերում առկա է ԴԺՀ-ի գերագույն դատարանի՝ 2024-ի հոկտեմբերի 25-ի դատավճիռը, որի վրա ռուսերեն գրված է․ «Верховный суд Донецкой Народной Республики, приговор именем Российской Федерации» (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարան, դատավճիռ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության)։

«Սա ուղղակի միջազգային մեծ սկանդալ է»,- նշում է իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ հայկական դատարանը, ընդունելով ԴԺՀ-ի որոշումը, անտեսել է այն հանգամանքը, որ այդ կազմավորումը ՄԱԿ-ի անդամ չէ և ճանաչված չէ նաև Հայաստանի կողմից։ Իրավապաշտպանը նշում է, որ սա ստեղծում է ռիսկեր, քանի որ Հայաստանը փաստացի կատարում է մի կառույցի որոշում, որը լեգիտիմ չէ։

«Դա քիչ է, հիմա էլ ապօրինի կազմավորման, ապօրինի դատարանի որոշումն ես հիմք ընդունում։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ բան է։ Այ սա է ռիսկերը»,- ասում է նա։

Սաքունցը մանրամասնում է, որ ձերբակալման մասին որոշումը ստորագրել է ոստիկանության աշխատակից Մհեր Սատուրյանը, դատարանում հայցը պաշտպանել է դատախազ Կարապետյանը, իսկ որոշումը կայացրել է դատավոր Լուսինե Սեփխանյանը։

«Սրանք բոլորը անհապաղ պետք է հեռացվեն աշխատանքից՝ նվազագույնը, եթե չասենք, որ քրեական գործ պետք է հարուցվի այս բոլոր անձանց նկատմամբ՝ օրենքով չճանաչված դատարանի, այսինքն՝ ապօրինի դատարանի կողմից մարդու նկատմամբ մեղադրանքը հիմք ընդունելու, մարդուն թե՛ ձերբակալելու, և թե՛ կալանավորելու համար»,- եզրափակում է Սաքունցը։

Քիշնևի կոնվենցիան՝ ընդդեմ եվրոպական պարտավորությունների

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, սահմանափակված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և չպետք է առաջնորդվի Քիշնևի կոնվենցիայի պարտավորություններով այնպիսի երկրների հետ հարաբերություններում, ինչպիսիք են Ռուսաստանն ու Բելառուսը, որտեղ իրավունքները խախտվում են, իսկ իրավական համակարգերն օգտագործվում են քաղաքական հետապնդումների համար։

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002-ի Քիշնևի կոնվենցիան Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների միջև կնքված բազմակողմ միջազգային պայմանագիր է։ Հայաստանը վավերացրել է այն։ Կոնվենցիայի գլխավոր նպատակն է ստեղծել համագործակցության միասնական իրավական դաշտ՝ մասնակից երկրների քաղաքացիների և իրավասու մարմինների համար։ Բացի այդ, այն նպատակ ունի երաշխավորել, որ մի պետության քաղաքացիները մյուս պետության տարածքում ստանում են նույն իրավական պաշտպանությունը, ինչ տվյալ երկրի քաղաքացիները։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է կասեցներ իր պարտավորությունների կատարումը այդ պետությունների հանդեպ։

«Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, արդեն դրանով է սահմանափակված, որպեսզի չշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կամ Բելառուսի Հանրապետության հետ Քիշնևի կոնվենցիայով պարտավորությունների շրջանակում»,- նշում է Սաքունցը։

Նա հավելում է, որ նախկինում Հայաստանը նման դեպքերում ապաստանի իրավունք է տրամադրել անձանց՝ այդպիսով նրանց պաշտպանելով հնարավոր հետապնդումներից։

Հետագա քայլերը

Գիորգի Կինոիանիին այժմ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է։ Ռուսաստանը 40 օր ունի արտահանձնման պաշտոնական դիմում ներկայացնելու համար, որից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է որոշում կայացնի։

Արթուր Սաքունցի խոսքով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստվում է ստանձնել Կինոիանիի պաշտպանությունը։

Նախատեսվում է դիմել գլխավոր դատախազին՝ պահանջելով շուտափույթ փոխել կալանավորումը որպես խափանման միջոց, ազատ արձակել Գիորգի Կինոիանիին։ Բացի այդ, Սաքունցի խոսքով՝ ընդհանրապես չպետք է քննարկվի նրա հետ կապված որևէ հարց, որը բխում է ինքնահռչակ ԴԺՀ-ի որոշումներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում