Մեծ Պահքը կամովին ստանձնած փորձաշրջան է

Սկսվել է Մեծ Պահքը՝ քրիստոնյայի համար ներքին մեծ աշխատանքի 48 օր, որ պիտի ավարտվի Հարությամբ՝ Զատկի տոնով: Պահքն սկսվել է երկուշաբթի օրվանից, և այս երեք օրերին հասցրել ենք հեռուստատեսություններով բազմիցս լսել բացառապես բուսական ծագման ուտելիքներով սնվելու, վատ սովորություններից հետ կանգնելու և աղոթելու կարևորությամբ մասին:

Եվ քանի որ պահքի մասին խոսելիս առավելապես շեշտադրվում է սննդակարգը, կցանկանայի ընթերցողներին հաղորդել որոշ հետաքրքիր, սակայն քիչ հայտնի փաստեր հատկապես այդ մասին: Պահքի խորհուրդը սեփական անձի առջև սեփական կամքով որոշակի խնդիրներ դնելով՝ զորանալն է, քանի որ մարմնավոր տկարությունը օգնում է հաղթահարել մտքի ու հոգու՝ ցանկություններն անտեսելու և անհրաժեշտն ընտրելու դժվարությունը: Ինչպես մարզիկներն են մարմինը զորացնում փոքր ու մեծ կշռաքարերով մկաններն աշխատեցնելով, այնպես էլ հոգին է զորանում՝ կամքի ուժով անձի ցանկությունները զսպել վարժվելով: Մեր եկեղեցու վարդապետները, ինչպես գիտեք, եղել են գիտնականներ, որ տիրապետել են թե բնական և թե հումանիտար գիտություններին՝ կարողանալով մարդու խնդիրները դիտարկել բազմակողմանիորեն: Սահմանելով պահքի սննդակարգը՝ նրանք նշել են, որ չօգտագործելով կենդանական ծագման՝ բարձր կալորիականությամբ սնունդ, մարդը ֆիզիկապես սակավ ակտիվ է լինում, և առավել դյուրին է լինում իր համար խորհել բարձրի, վեհի ու գեղեցիկի մասին, թեթևանում է անձն ու կտրվելով երկրային հոգսերից՝ կարողանում իրեն ու աշխարհը դիտարկել հավերժության բարձունքներից:

Ռուս ուղղափառ եկեղեցին, օրինակ, դարեր շարունակ հողի մշակներին ու արհեստավորներին թույլատրել է պահքի շրջանում ձուկ ուտել: Սակայն դա արգելված է եղել իշխաններին ու արքունիքին: Բացատրությունը պարզ էր. մինչ վերջին դարերն այստեղ չգիտեին կարտոֆիլի մասին, ու հասարակ մարդկանց կենցաղում անփոխարինելի տեղ ուներ ձուկը: Արքունիքն իրեն կարող էր թույլ տալ հեռավոր երկրներից «էկզոտիկ» ուտելիքներ՝ հատիկեղեն ու ընդեղեն բերել, իսկ գյուղացիներն ուղղակի կհյուծվեին:

Հայ եկեղեցին պահքի շատ ավելի թեթև կանոններ է սահմանել երեխաների, ուսանողների (զարգացման փուլում գտնվող պատանիների), ինչպես նաև՝ հղիների և հիվանդների համար:

Պահքի խնդիրը նույն փլավը կարագի փոխարեն ձեթով պատրաստել հարկադրելը չէ, այլ՝ սեփական կամքով՝ ուտելուն և, առհասարակ, սեփական մարմնի մասին հոգ տանելուն առավել քիչ ժամանակ և միջոցներ հատկացնելը, փոխարենը՝ հոգևոր զարգացման մասին հոգ տանելը: Պահքի ընթացքում անհրաժեշտ է հրաժարվել մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու ուղղակի անիմաստ է: Հոգևոր առումով պահքն անօգուտ դառնում նաև այն դեպքում, երբ պահեցողության որոշում կայացնելով՝ մարդն սկսում է փնտրել պահոց սննադարար ու համեղ բաղադրատոմսեր, ուտեստներ, դրանք առաջարկող սննդի կետեր:

Եվ անհրաժեշտ է մշտապես հիշել, որ պահեցողությունն ընտրելն անձնական ներքին աշխատանքի որոշում է, և բնավ պարտադիր չէ այդ մասին իրազեկել, օրինակ, հյուր գնալիս (գերադասելի է՝ չիմանան՝ ինչ «պարկեշտ քրիստոնյա» եք, և ստիպված չլինեն ձեզ համար առանձնահատուկ ճաշացանկ պատրաստել): Այս մասին «Լեռան քարոզում» Քրիստոսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող» (Մատթ. 6:16-18):

Նաև, կարիք չկա մարդկանց հարցուփորձ անել՝ պահք պահում են, թե ոչ՝ ըստ այդմ որոշելով, թե ինչպիսի հոգևոր ուղղություն են ընտրել նրանք: Բազմաշերտ է մարդկային հոգին, անթիվ են այն տվյալները, որոնք կարող են հիմք լինել մեկ բնութագրիչի համար, մարդու համար դիմացինի հոգին ճանաչելը բազմաբարդ, կարելի է ասել՝ անլուծելի խնդիր է: Հարկ է հիշել «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3): Միայն բուսական սնունդ օգտագործելը միայն մեկ կետն է այս 48-օրյա ներքին աշխատանքի, և, ինչպես 5-րդ դարի հայ աստվածաբան Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

Այսքանը Մեծ Պահքի սննդակարգի մասին. և հիշեցնենք, որ առանձնահատուկ է և խորին խորհուրդ ունի Մեծ Պահքի կիրակիներից ու Զատկին նախորդող շաբաթվա՝ Ավագ շաբաթի օրերից յուրաքանչյուրը:

Կարմեն Մարտիրոսյան

Մեկնաբանել