Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։ Ավետիք Բաբայանն էլ ասում է, որ լրագրողին չի ճանաչում ու նրա հետ երբևէ չի շփվել։
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում էր արել քաղաքապետարանի տեսուչների կողմից մի կնոջ սխալ տուգանելու դեպքի վերաբերյալ՝ քննադատելով կառույցի աշխատանքը։ Գրառումից հետո, նրա խոսքով, իրեն գրել է Ավետիք Բաբայան անունով օգտատերը և «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով» սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել իր, ընտանիքի անդամների, գործընկերների ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։
Լրագրողը նշում է, որ պարզելով, որ իրեն սպառնացողը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է, այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի երկու այլ պաշտոնյաների, սակայն որևէ արձագանք չի եղել։ Երկու օր անց Կարապետյանը կապվել է Բաբայանի հետ, որը, ըստ լրագրողի, կրկին սպառնացել է՝ ասելով. «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։
Երկու շաբաթ անց, ինչպես նկարագրում է Կարապետյանը, աշխատավայրի մոտ դիմակավորված անձը հարձակվել և հարվածներ է հասցրել իրեն։ Լրագրողը համոզված է, որ հարձակումն ուղիղ կապ ունի նախորդող սպառնալիքների հետ։ Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ տրամադրելով իր մոտ եղած ապացույցները՝ ներառյալ սպառնալիքների փաստագրումները։
Կարապետյանը տեղի ունեցածը որակում է որպես իր հանրային և լրագրողական գործունեության դեմ ուղղված «հետապնդում և ահաբեկման ակտ», որը տեղի է ունեցել «իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ»։ Նա նաև քննադատել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ իրեն տեղեկացնելուց հետո իրավիճակին ընթացք չտալու համար։
ՍիվիլՆեթը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Նա վստահեցրեց, որ չի ճանաչում Հակոբ Կարապետյանին։
«Ես այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Բացի այդ, իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ շփում չի եղել, առավել ևս այդ տոնայնությամբ»,- ասաց Բաբայանը։
Նա նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այդ անձին սխալ ուղղորդում են իրականացնել։ Ես այս ամենի հետ կապ չունեմ»,- ամփոփեց Բաբայանը։
Civilnet











