Փարաքարի համայնքապետի դաժան սպանությունից անցել է մեկ օր, սակայն դեռևս հանցագործը չի հայտնաբերվել, որևէ մեկը չի ձերբակալվել: Լրագրողներն այսօր կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին, արդյոք սա չի՞ նշանակում, որ իրավապահ համակարգն արդյունավետ չի աշխատում, նախարարը պատասխանեց.
«Աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է որոշ ժամանակ սպասենք: Պետք է սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի արդյունք ունենանք»:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Անդրադառնալով հարցին, արդյոք հնարավոր չէ՞ր կանխել այդ հանցագործությունը, նախարարն ասաց, որ պետությունը չի կարող բոլոր հանցագործությունները կանխել:.
«Մենք դեռ չգիտենք, թե հանցագործություն կատարած անձիք ովքեր են, պատվիրատուներն ովքեր են, եթե կան այդպիսիք, չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, կապվա՞ծ է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ: Մենք չունենք որևէ ելակետ, որպեսզի քննարկենք պատճառները, կամ ասենք, թե այսինչ մարդիկ իրենց գործում թերացել են՝ դեպքը կանխելու համար»,- ասաց Գալյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ նման հանցագործությունների ֆոնին քաղաքացիները սկսում են իրենց անվտանգ չզգալ Հայաստանում, նախարարն արձագանքեց.
«Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, քանի որ մինչ այս պահը համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել: Իսկ առանձին դեպքեր եղել են, կան և մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ լինելու են»:
Civilnet











