Հայաստանի պաշտպանական ծախսերի «կրճատումը» չի ազդելու մեկնարկած որևէ դրական բարեփոխման վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Պաշտպանական բյուջեի, ձեր ձևակերպմամբ՝ «կրճատման» վերաբերյալ, … վարչապետն ԱԺ ամբիոնից հանգամանալից ներկայացրել է, իսկ ամենից կարևորը, որ մեկնարկած որևէ բարեփոխում չի կանգնեցվելու և իր տրամաբանական ավարտին է հասցվելու»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ պետական բյուջեի 2026-ի նախագծում նշված է, որ Հայաստանի կառավարությունը 2026-ին պաշտպանությանը նախատեսում է ուղղել 560 մլրդ դրամ։ 2025-ի համեմատ՝ ՀՀ պաշտպանությանն ուղղված միջոցները 2026-ին նվազում են 100 մլրդ դրամով։ Նախորդ տարի այս նպատակով նախատեսվել էր 660,9 մլրդ դրամ։
Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պաշտպանական ծախսերի հանարավոր նվազումը բացատրել էր հանգամանքով, որ 2025-ին 2024-ի համեմատ պաշտպանական ծախսերի շատ էական՝ կտրուկ աճ էր եղել, որը պայմանավորված էր եղել որոշակի հրատապ կարքներով:
«Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պատքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն որ մենք պետք է, ասենք՝ 2030 կամ 2035 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազենցնենք, բայց ոչ միայն»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026-ի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ։
Civilnet










