Գլխավոր Լրահոս

Կեղծ լուրեր՝ նորաստեղծ կայքից․ ինչպես է տարածվել Փաշինյանի և Պապիկյանի մասին ապատեղեկատվությունը

Կեղծ լուրեր՝ նորաստեղծ կայքից․ ինչպես է տարածվել Փաշինյանի և Պապիկյանի մասին ապատեղեկատվությունը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Համացանցում սեպտեմբերի 26-ից սկսեց շրջանառվել տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներգրավված են թրաֆիքինգի, այդ թվում՝ անչափահասների ներգրավմամբ սեքս-ծառայությունների ցանց ստեղծելու մեջ։

Տեղեկության սկզբնաղբյուրը «Armenia Daily» անվամբ նորաստեղծ կայքն էր, որի սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ պնդվում է, թե Պապիկյանը ղեկավարում է Հայաստանում սպա-սալոնների քողի տակ գործող «հանցավոր կայսրություն»։

Էկրանապատկերում՝ նորաստեղծ կայքի սկանդալային հրապարակումը։

Այս տեղեկությունը, չնայած ապացույցների բացակայությանը, արագորեն տարածվեց ադրբեջանական, ապա նաև՝ հայկական մի շարք լրատվամիջոցներում։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս կեղծ լուրի տարածման մեխանիզմը։

Ինչպես սկիզբ առավ և տարածվեց ապատեղեկատվությունը

Հայկական լրատվամիջոցի տպավորություն ստեղծելու նպատակով «Armenia Daily» անվամբ հանդես եկող armeniadaily[.]org կայքը գրանցվել է հրապարակումից ընդամենը մեկ օր առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 23-ին. գրանցման, այդ թվում` սեփականատերերի տվյալները փակ են։

Կայքում ևս առկա չէ որևէ տեղեկություն սեփականատերերի, խմբագրության կամ հեղինակների մասին։ Հոդվածը ստորագրված չէ, իսկ կայքում բացի հիմնական կեղծ հրապարակումից առկա է ընդամենը յոթ այլ հոդված՝ վերատպված հայկական լրատվամիջոցներից։ Ընդորում, որոշ հոդվածներ հրապարակված են հետին թվով՝ սեպտեմբերի 19-ին, մինչդեռ կայքը գրանցվել է միայն սեպտմեբերի 23-ին։

Էկրանապատկերում՝ կեղծ armeniadaily[.]org կայքի գլխավոր էջը

Հոդվածի տարածումը սկսվել է երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, երբ այն հրապարակեց ադրբեջանական Haqqin.az-ը՝ «Armenia Daily»-ին ներկայացնելով որպես «հայկական լրատվամիջոց»։ Այնուհետև այն վերատպել են «Թուրանական էքսպրես» և այլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներ։

Նույն օրը լուրը հայտնվեց նաև հայկական մեդիա դաշտում. Pastinfo-ն, հղում անելով «մամուլում շրջանառվող լուրերին», տարածեց Պապիկյանի դեմ ուղղված մեղադրանքները։ Այնուհետև մի շարք այլ հայկական կայքեր՝ Mamul.am, Kentron.am, Kizaket.am, Asekose.am, Artsakh.news և այլն, վերատպեցին տեղեկությունը՝ արդեն հղում անելով Pastinfo-ին։ Լուրն ակտիվորեն տարածվեց նաև սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում կալանավորված բլոգեր և քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանի էջերի միջոցով։

Արհեստական բանականությամբ ստեղծված «ապացույցներ»

Հոդվածում առկա էր նաև երկու րոպեանոց տեսանյութ, որում արհեստական բանականությամբ սինթեզված ձայնը ընթերցում էր հոդվածի տեքստը՝ համացանցից վերցված պատկերների ուղեկցությամբ։

Ընդորում, տեսանյութում ներկայացված է նաև սպա-կենտրոնի իբր նախկին աշխատակցի հայերեն խոսքը՝ կրկին գեներացված արհեստական բանականությամբ։ Հարկ է նշել, որ թե՛ հոդվածում, թե՛ տեսանյութում առկա չէ որևէ փաստաթուղթ, լուսանկար կամ այլ ապացույց։

Տեսանյութը՝ armeniadaily[.]org կայքի հոդվածից

Տեսանյութում երևացող կնոջ կադրերը, որը ներկայացվում է որպես սպա-կենտրոնների սեփականատեր և Սուրեն Պապիկյանի բիզնես-գործընկեր, իրականում վերցված են 2016-ի սեպտեմբերին YouTube-ում տեղադրված մրցանակաբաշխության տեսանյութից։

#CivilNetCheck-ը կարողացավ նույնականացնել տվյալ կնոջը, վերջինս իսկապես Երևանում սպա-կենտրոն ունի (միայն մեկ կենտրոնն է, ոչ թե ցանց, ինչպես նշված էր հոդվածում)։ Այդ կենտրոնը գրանցված է դեռևս 2010-ից (անունը չենք նշում՝ թիրախավորումից զերծ պահելու համար)։ 

Մեզ հետ զրույցում սեփականատերը հայտնեց, որ հրապարակումը կեղծ է։ «Կենտրոնը երկար տարիներ թափանցիկ աշխատանք է իրականացնում և ունի բարի համբավ, իսկ անհայտ կայքում հրապարակված տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է», - ասաց նա։

Կենտրոնի պատշաճ գործունեություն ծավալելու վկայություններից մեկը 2016 թվականին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստացած «Որակի միջազգային աստղ» մրցանակն է, որը տրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են միջազգային որակի կառավարման ստանդարտներին։ 

Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 26-ին հրապարակել է պաշտոնական հերքում՝ նշելով, որ տեղեկությունները «ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են»։ Նախարարությունը նաև հայտնել է, որ բոլոր տվյալները փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը հետագա քննության համար։

Հայաստանի իշխանությունները՝ հիբրիդային հարձակումների թիրախում

Սա առաջին դեպքը չէ, երբ գործող իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների դեմ տարածվում են նմանատիպ մեղադրանքներ և կեղծ լուրեր։ Շուրջ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 21-ին, «VT Foreign Policy» անվամբ հարթակում հրապարակվել էր հոդված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին՝ «Հայկական Ջեֆրի Էփշտեյն» վերնագրով, որտեղ նույնանման անհիմն մեղադրանքներ էին հնչում։

Fip.am-ի փաստեր ստուգողները պարզել էին, որ ներկայացված «ապացույցները» կեղծ էին, իսկ հարթակը կապվում է ռուսական քարոզչական շրջանակների հետ։ Այս թեմային անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին։

Նմանատիպ հոդվածները դեռևս տարեսկզբից պարբերական բնույթ ունեն։ Բացի բարձրաստիճան ղեկավարներից, հորինված ու կեղծ տեղեկություններր են հրապարակվում Արևմուտքի՝ Հայաստանի վրա տարբեր փորձարկումների մասին։ Դրանց թվում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանկապղծության մեջ մեղադրող դիփֆեյք տեսանյութը, նրա կողմից Ֆրանսիայում և Կանադայում առանձնատուն գնելու վերաբերյալ կեղծ լուրերը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից միլիոնավոր դոլարներ յուրացնելու մասին պատմությունները, եվրոպական ընկերությունների կողմից հայաստանցիների վրա դեղամիջոցներ փորձարկելու մասին հորինված «հետաքննությունները» և այլն։ 

Այս բոլոր դեպքերում կիրառվել է նույն մոտեցումը․ ստեղծվել են կարճաժամկետ անանուն կայքեր կամ օգտագործվել են հայտնի քարոզչական հարթակներ, որոնց միջոցով՝ առանց իրական ապացույցների, տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառության մեջ են դրվել սկանդալային թեզեր ու կեղծ լուրեր։

Այսպիսով, Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի դեմ տարածված սկանդալային մեղադրանքները անհիմն են։ Դրանք ստեղծվել են անհայտ անձանց կողմից նորաստեղծ կայքում՝ օգտագործելով արհեստական բանականություն և իրական մարդկանց գողացված լուսանկարներ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում