Չելյաբինսկի մարզի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ են՝ կապված երկնաքարի անկման հետ։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» (Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության) ղեկավար Գենադի Օնիշչենկոն։
Համաձայն վերջին տվյալների՝ երկնաքարային անձրևի հետևանքով տուժել է մոտ 500 մարդ։ Երեք մարդ ծանր վիճակում է։ Բժշկական օգնության դիմածների մեծ մասը վիրավորվել է կոտրված ապակու բեկորներից։
Համաձայն ՌԴ ներքին գործերի նախարարության տեղեկությունների՝ երկնաքարի բեկորների անկումից վնասվել են շինություններ վեց քաղաքներում։ Ոստիկանության աշխատակիցները շարունակում են իրավիճակի մոնիթորինգը և բնակավայրերի ստուգումը՝ հայտնաբերելու բեկորների անկման նոր վայրեր։
Այսօր՝ փետրվարի 15-ի առավոտյան, Չելյաբինսկի մարզում արտասովոր երևույթ է տեղի ունեցել։ Բնակիչները երկնքում տեսել են պայթյուն հիշեցնող վառ բոցավառում, որն իր հետևից ծխի հետք է թողել։
Երկնաքարի անկման տեսանյութին կարելի է ծանոթանալ այստեղ:
Civilnet











