Անցած տարի Հայաստան ներկրված 34,6 հազ. ավտոմեքենաների 83%-ի մաքսային արժեքը չի գերազանցել $10 հազ-ը, 60%-ի դեպքում այն չի հատել $5 հազ-ի սահմանը։ Օրենսդրության անկատարությունը երկիրը մի կողմից վերածում է ավտոմեքենաների գերեզմանոցի, մյուս կողմից՝ քաղաքացիներին ստիպում փնտրել «էժան» մեքենաներ։
Ըստ մաքսային կարգերի՝ մինչև 5 տարվա արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց ավելիներինը՝ 52%-ը։ 2007թ. հին ավտոմեքենաների համար բարձր բնապահպանական վճարներ սահմանելիս նշվում էր, որ այս քայլն ուղղված է ներքին շուկան հին ավտոմեքենաների ներկրումից պաշտպանելուն։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը, հենց բնապահպանական վճարներն էլ խթանում են հին ավտոմեքենաների ներկրումը։
Այսպես, եթե 2007թ. ընդհանուր ներկրումներում մինչև $5 հազ. արժեքով մեքենաների մասնաբաժինը (տարիքը գերազանցում է 10 տարին) կազմել է 40%, ապա 2011թ. ցուցանիշն արդեն 54,3% էր, 2012թ.՝ 60%։
Անցած տարի ընդհանուր ներկրումներում 3-տոկոսային կետով (մինչև 23%) նվազել է $5-10 հազ. մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների մասնաբաժինը, ևս 1,3-տոկոսային կետով (մինչև 6,7%)՝ $15-30 հազ. մաքսային արժեք ունեցողներինը։ Ներկրումների կառուցվածքի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ ավտոմեքենաների քանակի 18%-ով ավելացման պայմաններում պետբյուջե գանձված գումարների աճը կազմել է 16,8%։ Անցած տարի մեկ մեքենայի մաքսազերծման միջին գումարը կազմել է Դ1,08 մլն, այն դեպքում, երբ 2011թ. այն Դ1,1 մլն էր։
Բացի այդ՝ ավտոշուկայի խոշոր ընկերությունների կողմից վճարված հարկերի ծավալը խոսում է այն մասին, որ մեքենաների զգալի մասը ներկրվել է ֆիզիկական անձանց կողմից։ Այսպես՝ շուկայի 14 խոշոր խաղորդները 2012թ. պետբյուջե են վճարել մոտ Դ9 մլրդ-ի հարկեր, ինչը 2011թ. համեմատ ավելի է 0,7%-ով։ Հիմք ընդունելով ընկերությունների վճարած հարկերի ծավալը՝ անցած տարի նրանց բաժին է ընկել ներկրված ավտոմեքենաների շուրջ 18%-ը, այն դեպքում, երբ 2011թ. ցուցանիշը շուրջ 21% էր։
Ներկրումներում մասնագիտացած ընկերությունների մասնաբաժնի նվազումը նույնպես օրենսդրական բացերի հետևանք է։ Նրանք ներկրում են նոր մեքենաներ, որոնք ավելի թանկ են և իրացվում են առավելապես խոշոր ընկերություններին և պետական համակարգին, այնինչ բնակչությունը նախընտրում է կա՛մ ավտոմեքենաներ գնել երկրորդային շուկայից՝ վերավաճառողներից, կա՛մ ներկրել սեփական ուժերով։