Գլխավոր Լրահոս

«Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել

«Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել

Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել տեղահանված, զոհվածների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող արցախցիներին, ինչպես նաև բենզալցակայանի պայթյունի զոհ դարձած ընտանիքներին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի հարցը և արցախցիների խնդիրները փակված չեն։ 

«Մեծ սպասելիքներ այսօրվա իշխանություններից չունենք, բայց փորձում ենք ելքեր գտնել։ Այսօրվա այս ֆորմատով հանդիպման նպատակը հետևյալն է՝ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ և Արցախցիների ցավը իրենց ցավն է, սատար կանգնեն Արցախցիներին»։

Իսկանդարյանը հիշեցրեց, որ 2023-ի բռնի տեղահանությունից հետո առաջինը հենց Հայաստանում ապրող քաղաքացիներն էին, որ ընդունեցին արցախցիներին, և ապա՝ կառավարությունը ստանձնեց սոցիալական խնդիրների լուծման պարտականությունը։ Սակայն, ըստ նրա, վերջին ամիսներին աջակցության ծրագրերը կամ կրճատվել են, կամ գործելու են միայն մինչև տարեվերջ։

«Հուլիսի 1-ից աջակցության 40 + 10 ծրագիրը դարձել է 30,000 դրամ և այն գործելու է մինչև տարվա վերջ։ Մենք չգիտենք, այնուհետև ինչպիսի ծրագրեր են լինելու, եթե իհարկե դրանք լինելու են»,– ասաց նա։

Նա նաև արձանագրեց, որ բնակարանային աջակցության ծրագրերն իրենց կառուցվածքով չեն լուծում փոքր կազմով ընտանիքների խնդիրները։ 

«Ակնհայտ էր, որ փոքր ընտանիքները՝ մեկ, երկու կամ երեք անդամներից բաղկացած ընտանիքները, այդ բնակարանային ծրագրով չեն կարողանալու, ուրեմն, տանիք ունենալ»,– նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումներում, սակայն խոստումները մնացել են անկատար։

Իսկանդարյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրվել են նաև խաբեության դեպքեր։ 

«Վերջին օրերին ականատեսն ենք լինում անձանց, որոնց խաբեությամբ հափշտակել են նրանց գումարները և բնակարաններ չեն տրամադրել։ Ունենք նմանատիպ փաստեր, ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց կառավարության կողմից բավարար ուշադրության չեն արժանանում»։

Նա շեշտեց նաև «պայթյունով զոհվածների ընտանիքների» կարգավիճակի հարցը՝ հիշեցնելով, որ դատարանը ճանաչել է, որ դեպքը եղել է պատերազմի հետևանք, սակայն կառավարությունը շարունակում է այդ հարցը թողնել օրակարգից դուրս։

«Կառավարությունը խոստացավ մեզ պայթյունից զոհված ընտանիքների կարգավիճակի հարցը լուծել, բայց մինչ օրս այդ խոստումները, ինչպես ասեցի, մնացել են քննարկման մակարդակում, ինչը անընդունելի է»,– հայտարարեց Իսկանդարյանը։

Նա կոչով դիմեց արցախցի գործարարներին՝ հիշեցնելով, որ նրանք երկար տարիներ արտոնություններով աշխատել են Արցախում, և այժմ ժամանակն է իրենց հայրենակիցների կողքին կանգնելու։ «Եթե չեն ուզում փողոցներում տեսնել զոհվածների ընտանիքների, սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև բարոյական, ժամանակն է համախմբվելու և միասին լուծելու մեր օրվա խնդիրները»,– ասաց նա։

Պետնախարարը նաև հղեց կոչեր նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ ընդգծելով, որ նրանք ունեն համապատասխան կապեր, որոնք կարող են նպաստել արցախցիների խնդիրների լուծմանը։ Նա դիմեց նաև հայ մեծահարուստներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին և սփյուռքի սրտացավ հայերին՝ կոչ անելով աջակցել նորաստեղծ հիմնադրամի գործունեությանը։

«Անկեղծ եմ ասում, վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել պայթյունով զոհված ընտանիքների հետ, ում ընտանիքի անդամների քանակը երկու և երեք է, որևէ աջակցության ծրագրից իրենք հնարավորություն չունեն օգտվելու և այդ մարդիկ հայտնվելու են փողոցում, ուղիղ փողոցում»,– ասաց Իսկանդարյանը։

«Այսօրվա նպատակը հետևյալն է եղել, կարծում եմ սա ահազանգ կլինի շատ շատերի համար և հնարավորություն կտա ոչ թե պառակտվելու, այլ համախմբվելու, իրենց անձնական խնդիրները մի կողմ դնելու և մեկ սեղանի շուրջ համախմբվելու՝ Արցախի հարցը լուծելու համար»,– եզրափակեց Արցախի պետնախարարը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում