«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազություն՝ պահանջելով քննել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԻՔՄ-ի ֆեյսբուքյան էջից:
Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։
ԻՔՄ-ն իր հաղորդագրության մեջ նշում է, որ քանի որ հանրահավաքներին մասնակցել պարտադրելը քրեորեն պատժելի արարք է՝ համաձայն թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքերի, կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին դիմել է իրավապահ մարմիններին։ Կազմակերպությունը խնդրել է քննել հրապարակային կարգով արված այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ սա իրենց ստանդարտ գործելաոճն է «ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում»։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հավելել է, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունի։
Կազմակերպությունը նաև վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»։
***
Այսօր Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականները բերման են ենթարկվել՝ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։
Civilnet











