Մայր Աթոռը դատապարտում է «վարչապետի մասնակցությամբ միջոցառումը Հովհաննավանքում»

Սիրանուշ Ադամյան
Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հովհաննավանքի կարգալույծ արված հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի գործողությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կիրակի նախատեսվող պատարագը։
Հայտարարության համաձայն՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ և Մայր Աթոռի հանձնախմբի եզրակացությամբ Արամ քահանան կարգալույծ է հռչակվել հոկտեմբերի 21-ին՝ սպառած լինելով բոլոր հնարավորությունները կանոնական դաշտ վերադառնալու համար։ Նրան արգելվել է կատարել որևէ եկեղեցական ծես, և պահանջվել է մինչև հոկտեմբերի 23-ը հանձնել Հովհաննավանքի բանալիները ու մինչև 2026-ի հունվարի 15-ը ազատել իրեն տրամադրված բնակարանը։
Խորհուրդը տեղեկացրել է, որ Ասատրյանը մերժել է Մայր Աթոռի օրինական պահանջները և հրաժարվել լքել եկեղեցին, ինչը համարվում է «կանոնական կոպտագույն խախտում»։
«Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Սուրբ պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է՝ հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով»,- նշված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը շեշտում է, որ եկեղեցիները և վանքերը պատկանում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն, և դրանցում ծեսեր կատարելու իրավունքը վերապահված է միայն նրան։ Խորհուրդը կոչ է արել իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը։
Տեր Արամ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ է հռչակվել՝ սեպտեմբերին տված հարցազրույցում հրապարակային հայտարարությունների համար, որտեղ պնդել էր, թե որոշ եկեղեցականներ ստիպված են եղել մասնակցել իշխանության կազմակերպած ընտրական միջոցառումներին։ Կարգալուծությունից հետո նա հրաժարվել է ընդունել որոշումը և հայտարարել է, որ կիրակի կանցկացնի պատարագ։
Civilnet









