Գլխավոր Լրահոս

Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու․ «Ցոր»-ի հրամանատար

Հայկ Ղազարյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։ 

«Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների»,- 44-օրյա պատերազմի ժամանակ բանակային հակահարվածի գործով դատական նիստին ասաց «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը (ՀՀ պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի որդին,- խմբ․)։

Երևան քաղաքի դատարանում այսօր կայացած նիստում շարունակեց քննարկվել փորձագիտական եզրակացությունը, որը գնահատում է 2020-ի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողության պլանավորման և իրականացման թերությունները։

Դատավորի ճշտող հարցին, թե արդյոք այդ գործողությունը կատարվել է գրավոր հրամանով, Օհանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն արձակել է բանակի հրամանատարը։ Միաժամանակ նա նշեց, որ հակահարվածի հատուկ գործողություն սկսելու հրամանը բանավոր է եղել, մինչդեռ մինչ այդ ՊԲ-ի հրամանները գրավոր էին տրվում։

Փորձագիտական եզրակացության մեջ, որն ընթերցում էր դատախազ Ալեքսանյանը, նշված էր, որ հակահարվածի նախապատրաստման և իրականացման գործընթացում հետախուզություն չի վարվել։

2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածն իրականացնելու նպատակով ներգրավեց ռեզերվային ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը («Ցոր») և Իվանյանի տանկային բրիգադը։ Այդ օպերացիայի գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։

«Լելե Թեփեի օպերացիայի» գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Ո՞վ է պատասխանատու ընդհանուր ձախողման համար

Դատական նիստին Արթուր Օհանյանը պնդեց, որ հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում։ «Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ բանակային հակահարվածը ձախողվել է չկազմակերպված իրականացվելու հետևանքով, և առկա է պատճառահետևանքային կապ հակահարվածի թերի պլանավորման, կազմակերպման, իրականացման ու ձախողման միջև։

Փորձագետները, սակայն, նշել են, որ պատասխանատուների մասով չեն կարող գնահատական տալ, քանի որ դա իրավական գնահատման հարց է և դուրս է իրենց իրավասությունից։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։ Այդ նիստին կմեկնարկի վկաների հարցաքննությունը։

Բրիգադը ամբողջական կազմով չի եղել. Օհանյան

Օհանյանը նաև անդրադարձավ փորձագիտական եզրակացության մեկ այլ կետի, որտեղ նշված է, որ մարտական կարգադրության համաձայն բրիգադները պետք է ընդգրկվեին ամբողջական կազմով, սակայն մասնակցել են սահմանափակ ուժերով։

Նա մանրամասն ներկայացրեց, թե որտեղ էին տեղակայված իր բրիգադի ստորաբաժանումները և ում ենթակայության տակ էին գտնվում՝ ընդգծելով, որ հակահարվածի ժամանակ բրիգադի միայն մի մասն է եղել իր անմիջական ենթակայության տակ։ Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացության մեջ դա միտումնավոր է ձևակերպվել այնպես, իբր ամբողջ բրիգադը գործել է որպես մեկ միասնական ստորաբաժանում։

Օհանյանի պարզաբանմամբ՝

  • բրիգադի երկրորդ մոտոհրաձգային գումարտակի ականանետային մարտկոցն ուղարկվել էր Հարթերքի գումարտակին՝ որպես աջակցություն,
  • առաջին մոտոհրաձգային գումարտակը գտնվել է 10-րդ դիվիզիայի ենթակայության տակ՝ Մատաղիսի ուղղությամբ,
  • հրետանային դիվիզիոնը փոխանցվել էր Հադրութի դիվիզիայի հրամանատարի ենթակայությանը,
  • երրորդ մոտոհրաձգային գումարտակը պաշտպանություն է զբաղեցրել  Կարախանբեյլուի ուղղությամբ (խմբ.- 1 ՊՇ պատասխանատվությաբ գոտին)
  • հետախուզական վաշտը գործել է իններորդ պաշտպանական շրջանի կազմում,
  • հակատանկային մարտկոցը, որը, ըստ Օհանյանի, բրիգադի ամենահզոր և հեռահար միջոցներից էր, տրվել էր առաջին պաշտպանական շրջանին։

Նա հավելեց, որ այդ օրը իրեն ենթակա էին մնացել միայն երկրորդ մոտոհրաձգային գումարտակը, տանկային գումարտակը, հակաօդային պաշտպանության մարտկոցը, կապի վաշտը և ինժեներասակրավորային վաշտը։

Հակասություն մեղադրանքի և փորձագիտական եզրակացության միջև

Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հակասություն նկատեց մեղադրանքի օբյեկտիվ կողմի և փորձագիտական եզրակացության միջև։ Մասնավորապես, փորձագետները մի կետում նշել էին, որ 8-րդ բրիգադի հրամանատարի փոխարինվելուց՝ Օհանյանի վիրավորվելուց հետո, «որպես այդպիսին, բրիգադի ղեկավարում չի իրականացվել»։

Պաշտպանը հարցադրում կատարեց՝ եթե փորձագիտական եզրակացությունը հաստատում է, որ մինչև Օհանյանի վիրավորումը ամեն ինչ լավ է եղել և պայմանավորված էր նրա անձնական հեղինակությամբ, իսկ թերությունները ի հայտ են եկել վիրավորումից հետո, ապա ինչպե՞ս կարող է Օհանյանը մեղադրվել մինչև վիրավորումը կատարած գործողությունների համար։

«Այդ փորձագետին երբ կանչենք, պետք է պարզաբանի այդ հակասությունը»,- ասաց դատավոր Ժորա Չիչոյանը։

Տե՛ս նաև՝ «Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում