Նոր օրենքը կպաշտպանի՞ երեխաներին ընտանեկան բռնությունից

Լիա Ավագյան
Հայաստանում ամեն օր երեխաները ենթարկվում են ընտանեկան բռնության։ Ի՞նչ է երեխաների նկատմամբ կիրառված ընտանեկան բռնությունը, ովքե՞ր են պատասխանատու այդ գործողությունների համար, ի՞նչ օրենք է գործում այժմ և որո՞նք են բռնության պատճառնները։
Հոկտեմբերի 11-ին Երևանի բնակիչ մի կին ոստիկանության բաժին էր դիմել՝ ահազանգով, որ 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Ահազանգից հետո համայնքային ոստիկանները գտել են երեխային։ Նա ոստիկաններին հայտնել է, որ դուրս է եկել տնից, շրջել Երևանի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության՝ տղան ենթարկվել է ընտանեկան բռնության։
12-ամյա տղայի դեպքը միակը չէ․ 2024-ին երեխաների նկատմամբ բռնության դեպքով 1,476 քրեական վարույթ կա, միայն այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 1,011 դեպք։ Սրանք միայն այն դեպքերն են, որոնք բարձրաձայնվել են։
«Ընտանիք և համայնք» ՀԿ հիմնադիր Քնարիկ Գարանֆիլյանի խոսքով՝ շատ հաճախ ծնողները դիմում են բռնության, որովհետև չունեն ծնողավարման հմտություններ, և ծնողներին այդ հմտությունները տալով՝ էապես կարելի է կրճատել բռնության դեպքերը։
«Շատ բարդ է, որովհետև բռնությունը շատ լատենտ է և միշտ չէ, որ բարձրաձայնվում է։ Հետաքրքիր մի տվյալ կա. հարցումների ժամանակ ծնողների 70 տոկոսն ասել էր, որ երեխաներին բռնության է ենթարկում, բայց շատ հետաքրքիր է, որ ընդամենը 4 տոկոսն է ասել, որ դա համարում է դաստիարակության ճիշտ մեթոդ»,- ասում է Քնարիկ Գարանֆիլյանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխանների համար արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանն ասում է՝ համակարգի արդյունավետությունը ավանդաբար ցածր է եղել, իսկ նախկին օրենքի բացերը՝ շատ։
«Արդյունավետությունը ցածր է եղել շատ օբյեկտիվ պատճառով՝ մակարդակների միջև հստակ դերաբաժանում չկար, հստակ չէին ուղղորդման ընթացակարգերը։ Մյուս ամենակարևոր հանգամանքը՝ պատասխանատվության առյուծի բաժինն այս հարցում դրված էր մի օղակի վրա, որը պրոֆեսիոնալ և ֆունկցիոնալ չէր։ Գլխավոր դերակատարը խնամակալության հոգաբարձության մարմինն էր, այն է՝ համայնքի ղեկավարը։ Հասկանալի է, որ համայնքի ղեկավարը վարչական պաշտոնյա է և չի կարող գնալ և պաշտպանել երեխային, և համայնքի ղեկավարի տակ պետք է գործեին պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ»,- ասում է Վիկտորյա Օհանյանը։
Նոր օրենք է ընդունվել
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների փաթեթը։
Նախկին՝ Երեխաների իրավունքների մասին օրենքը ընդունվել էր 1996-ին։ Այն, մասնագետների պնդմամբ, ուներ մի շարք բացեր։ Նոր ընդունված օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա համակարգային լուծումներ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում.
- հստակեցվել է համայնքի դերը՝ ներդնելով մասնագիտացված սոցիալական աշխատողի ինստիտուտ,
- ձևավորվել է մոնիթորինգի և վերահսկողության նոր համակարգ՝ կանխարգելման և արագ արձագանքի համար,
- հստակեցվել են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում,
- սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և դրա կանխարգելման ու արձագանքման մեխանիզմները,
- ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխայի այլընտրանքային խնամքի ձևը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու շահերը,
- հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար։
Երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ օրենքն առաջին քայլն է՝ երեխաներին բռնությունից պաշտպանելու համար։
«Փոխվելու են դերակատարների գործառույթները, որոնց շրջանակում բոլոր մասնագետները կունենան պարտականություններ պաշտպանելու երեխաներին՝ համայնքի սոցաշխատողից մինչև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Ավելին, հատուկ պարտականություն է դրվել բոլոր մարմինների վրա, որպեսզի երեխայի մասին բռնության դեպքերի մասին բարձրաձայնեն՝ ներառյալ ուսումնական հաստատություններում»,- մանրամասնում է Դավիթ Թումասյանը։
Դպրոցը և բռնությունը
Ընտանիքը ընտանիք, իսկ ինչպե՞ս է վարվում դպրոցը երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հետ։ Արդյոք ուսումնական հաստատություններում ճանաչո՞ւմ են բռնության տեսակները, և արդյոք բռնության ենթարկված երեխային կարողանո՞ւմ են տարբերել ու հայտնաբերել։
Մարզերում, հատկապես փոքր գյուղական համայքներում, այս խնդիրն առավել ակնհայտ է․ եթե անգամ նկատում են բռնության ենթարկված երեխային, շատ հաճախ չեն դիմում համապատախան մարմիններին, որովհետև բռնարարը կա՛մ հարևաննն է լինում, կա՛մ ծանոթը, կա՛մ բարեկամը․ այս մշակույթն է գործում շատ հաճախ։
Իսկ ինչպե՞ս կարող է երեխան տեղեկանալ բռնության դեպքում իր անելիքի մասին։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանի խոսքով՝ դպրոցում իրազեկման աշխատանքներ են տարվում և սովորողները առավել իրազեկ են լինում բռնության դեպքերին, իրազեկվում են հաղորդման հնարավոր ձևերին և միջոցներին։
«Դպրոցում երեխաները դիմում են հոգեբաններին կամ ուսուցչին։ Այսինքն, շատ հաճախ կարևոր է, թե վստահված անձը երեխայի համար ով է։ Երեխաները կարող են նաև բարձրաձայնել այդ մասին, օրինակ, պատմելով ընկերներին։ Այս ուղղորդման մեխանիզմներն ու ընթացակարգերը միշտ պետք է պահպանվեն»,- ասում է Լիլիթ Մնացականյանը։
Մասնագետը կարևորում է սոցիալական ծառայություններ իրականացնողների դերը․ «Կարևոր է սոցիալական ծառայություններ իրականացնող դերակատարների դերը․ ի՞նչ արձագանք են ունենում, արդյոք ընտանիքների հետ պատշաճ աշխատանքներ իրականացնո՞ւմ են»։
Դեպքերն աճե՞լ են, թե՞ նվազել
Երբ 2017-ին Քննչական կոմիտեն սկսեց վարել համապատասխան վիճակագրությունը, ընդամենը 265 քրեական վարույթ էր նախաձեռնված՝ երեխաների նկատմամբ կատարված բռնությունների դեպքով։
2025-ի առաջին կիսամյակում այդ թիվը 1,011 է։ Արդյոք դեպքերն աճե՞լ են։ Մասնագետների խոսքով՝ մի կողմից բարձրացել է իրազեկվածությունը, ահազանգման դեպքերն են ավելացել։ Դավիթ Թումասյանի խոսքով՝ կա նաև ծանր հանցագործությունների թվի աճ։
«Առաջինը օրենսդրության փոփոխությունն է և այն, որ ներկա դրությամբ ցանկացած բռնության դեպքով նախաձեռնվում է վարույթ: Նախկինում շատ նյութեր չէին էլ հասնում քննչական մարմիններին, ինչից ելնելով այդ ամենը վիճակագրության մեջ չէր արտացոլվում։ Հիմա երևում են բոլոր նախաձեռնված վարույթները։ Երկրորդը՝ երեխաների նկատմամբ բռնության դեպքերն են ավելացել, որովհետև մենք ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճ»,- ասում է Դավիթ Թումասյանը։
Ո՞ւմ դիմի բռնության ենթարկված երեխան
Ընտանիքում բռնության ենթարկված երեխան որտե՞ղ կարող է դիմել, և դիմելուց հետո ինչպե՞ս է որոշվում նրա ճակատագիրը, ՞է դառնում երեխայի խնամակալը և ո՞ր դեպքում է վերադարձվում ընտանիք։
Երեխան, որը ենթարկվել է բռնության, կարող է դիմել ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին կամ դպրոցից օգնություն խնդրել։
«Այստեղ շատ կարևոր է հիշել, որ այն իրավիճակներում, երբ ծնողը կատարել է երեխայի նկատմամբ բռնություն, նա չի կարող հանդես գալ որպես երեխայի օրինական ներկայացուցիչ իրավական ընթացակարգերի ժամանակ»,- ասում է Դավիթ Թումասյանը։
«Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գրանֆիլյանը առաջարկում է զարգացնել ճգնաժամային ընտանիքների մոդելը․ «Եթե երեխային հնարավոր չի լինելու վերադարձնել, նրանք տեղավորվում են խնամատար ընտանիքներ, երբ նրանց կյանքն ու առողջությունը ընտանիքում վտանգված է։ Իհարկե, շատ լավ կլինի, որ մենք կարողանանք նաև զարգացնել ճգնաժամային ընտանիքների մոդելը, օրինակ, կարճաժամկետ, երբ որ երեխան բռնության է ենթարկվել, անմիջապես հանել և ունենալ արդեն այն պրոֆեսիոնալ ընտանիքը, ուր կարելի է տեղափոխել երեխային»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխանների համար արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանի խոսքով՝ չկա հստակ փաստ, որ բռնությունը կատարվում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներում, ապահովված ընտանիքներում ևս կատարվում է բռնություն։ Իսկ ի՞նչ ազդեցություն է ունենում ընտանեկան բռնությունը երեխայի հոգեբանական և սոցիալական զարգացման վրա։
«Որքան ավելի շատ մանկության բացասական փորձառություն ունենան՝ ֆիզիկական, սեռական բռնության և այլն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մեծ տարիքում անձը 40 տոկոսով ավելի է հակված լինելու սուիցիդալ վարքի, երկու անգամ ավելի մեծ հավանականություն՝ սրտանոթային հիվանդությունների, այսինքն մենք ունենք և՛ հոգեկան առողջության խնդիրների շարան, և՛ ֆիզիկական առողջության խնդիրներ։ Սա դառնում է իսկապես նաև հանրային առողջության հարց»,- ասում է Վիկտորյա Օհանյանը։
Նոր օրենքի ընդունումը, մասանգետների խոսքով, էական և կարևոր քայլ է երեխանների նկատմամաբ բռնությունը կանխելու, արագ հայտնաբերելու համար։ Սակայն միայն օրենքի ընդունմամբ հարցը չի կարող լուծվել. անհրաժեշտ է լինելու պատրաստել սոցիալական ոլորտի մեծ անձնակազմ և խրախուսել համայնքներում նրանց աշխատանքը, ինչը փոքր համայնքների համար խնդրահարույց է։
Civilnet










