Գլխավոր Լրահոս

Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի․ կայացվել է վճիռ

Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի․ կայացվել է վճիռ

Գևորգ Թոսունյան

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ի վճռով մասնակի բավարարել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ ՍիվիլՆեթի (մայր կազմակերպությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամ)։ Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը գտել է, որ «ՍիվիլՆեթի հրապարակումը զրպարտություն է պարունակել», սակայն մերժել է դրամական փոխհատուցման պահանջը։  

Հայցի առարկան ՍիվիլՆեթում 2024-ի նոյեմբերի 13-ին հրապարակված «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» վերտառությամբ հետաքննությունն էր, որն իրականացվել էր «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետ համատեղ։ Տիգրան Ավինյանը վիճարկում էր հատկապես երկու արտահայտություն՝ բուն վերնագիրը և այն պնդումը, թե իր «քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով»։ Հայցվորը պահանջում էր հերքում, ներողություն և 3 մլն դրամ փոխհատուցում։

Դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ դատարանը վճռել է, որ վիճարկվող արտահայտությունները ոչ թե գնահատող դատողություններ են, այլ փաստացի տվյալներ, որոնք «չեն համապատասխանել իրականությանը, այսինքն` եղել են սուտ, անհիմն, ոչ հավաստի»։ Ըստ վճռի՝ գործում առկա ապացույցները դատարանին հիմք չեն տվել եզրահանգելու, որ Ավինյանը պետական ծրագրերից անուղղակի օգուտներ է ստացել։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչը դատարանում առարկել էր՝ նշելով, որ հրապարակումը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով և հիմնված է եղել պետական մարմիններից (Էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե) ստացված տվյալների վրա։ Դատարանն այս փաստարկը չի ընդունել՝ արձանագրելով, որ պետական մարմիններին հարցումներ անելը «չեն կարող համարվել տվյալների բարեխիղճ ներկայացում, քանի որ հրապարակման մեջ գրությունների պատասխաններով նշված տեղեկատվությունը ներկայացվել է ոչ ամբողջական և ոչ հավաստի»։

Դատարանը մերժել է հայցվորի՝ վիրավորանքի հիմքով ներողություն խնդրելու պահանջը՝ գտնելով, որ արտահայտությունները զրպարտություն են, իսկ միևնույն արտահայտությունը չի կարող լինել և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն։ Մերժվել է նաև 3 միլիոն դրամ փոխհատուցման պահանջը։ Դատարանը գտել է, որ զրպարտության համար բավարար է պատասխանողին հրապարակային հերքում հրապարակելուն պարտավորեցնելը։ Դատական ծախսերի մասով՝ Տիգրան Ավինյանից հօգուտ ՍիվիլՆեթի որոշվել է բռնագանձել 100,000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն, ինչպես նաև ՍիվիլՆեթից հօգուտ Ավինյանի էլ 20,000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք։

***

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գնումների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածը պատրաստվել էր Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

Հեղինակները բացահայտել էին, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ 

Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ 

Փոխարենը, հոդվածի հրապարակումից շաբաթներ անց Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան։

Դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Ավինյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և վերոնշյալ հոդվածին, հայտնել էր ՍիվիլՆեթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին և հորդորել էր հորը նույնպես հայց ներկայացնել։

ՍիվիլՆեթի մասին խոսելով՝ Ավինյանը լրատվամիջոցներին «մեծ աղբանոց» էր անվանել։ Այս արտահայտության համար էլ ՍիվիլՆեթն է դատի տվել Ավինյանին, հայցը դեռ քննվում է դատարանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում