Հայկ Հովհաննիսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները:
Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։
#CivilNetCheck-ը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայությունից և վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանները։
Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից
#CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։
Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 6-ի հարցուպատասխանի ժամանակ թեման շոշափող հարցը վարչապետին ուղղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Civic.am կայքի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։ Սա հենց այն «մամուլն» է, որը պատկանում է ՔՊ կուսակցությանը և առաջինն էր հրապարակել «անանուն նամակը»։
Պատասխանելով իր ղեկավարած կուսակցությանը պատկանող լրատվամիջոցի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հերքել, այլև կրկին պնդել է մեղադրանքը։
«Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկը, ասել եմ Եզրաս, ասել եմ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը, չէ՞։ [...] Եվ կարծում եմ, որ այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից, այո՛, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ [КГБ՝ խմբ.] գործակալ, և դա փաստ է», - հայտարարել է Փաշինյանը։
Փաստորեն, վարչապետը որևէ նոր հիմնավորում կամ ապացույց չի ներկայացրել։ Նա կրկին վկայակոչել է իր կուսակցական կայքում հրապարակված անհայտ ծագման տեղեկությունները՝ դրանք այս անգամ անվանելով «փաստեր» և «փաստաթղթեր»։
Հակառակ վարչապետի աշխատակազմի գրությանը՝ Փաշինյանը այդպես էլ չի պարզաբանել, թե արդյոք դիմել է իրավապահներին Civic.am-ում հրապարակված տեղեկությունները ստուգելու համար։

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 5-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողներին հայտնել էր, որ նման հրապարակումներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդում, և որ ստուգման գործառույթ ունեն օպերատիվ-հետախուզական մարմինները, այսինքն՝ ԱԱԾ-ն։
ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ վկայակոչելով «անձնական կյանքի» գաղտնիությունը
#CivilNetCheck-ը հարցում էր ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ երեք հիմնական հարցով։ Առաջին՝ արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է civic.am-ում հրապարակված տեղեկությունները։ Երկրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն ստացե՞լ է վարչապետից ցուցում այդ տեղեկությունները ստուգելու վերաբերյալ։ Երրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն տիրապետո՞ւմ է տեղեկատվության Եզրաս արք. Ներսիսյանի «ԿԳԲ գործակալ լինելու» մասին։
ԱԱԾ-ն հոկտեմբերի 30-ին ուղարկված գրությամբ հրաժարվել է տրամադրել հայցված տեղեկատվությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ տեղեկությունները «դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և […] չեն կարող տրամադրվել»։

Բացի այդ, ԱԱԾ-ն չի մեկնաբանել civic.am-ում հրապարակված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե հայցվող տեղեկատվությունը վերաբերում է այլ անձի [Եզրաս արք. Ներսիսյանի` խմբ.] անձնական կյանքին։
Այսպիսով, ԱԱԾ-ի և վարչապետի աշխատակազմի պատասխաններից հետո պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած մեղադրանքները հիմնվում են իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերի հրապարակումների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են անհայտ ծագման անանուն նամակի վրա։
CivilNetCheck











