Գլխավոր Լրահոս

Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի․ փաստաբանը վճիռը «վտանգավոր նախադեպ» է համարում 

Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի․ փաստաբանը վճիռը «վտանգավոր նախադեպ» է համարում 

ՍիվիլՆեթը բողոքարկելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցով դատարանի հոկտեմբերի 31-ի վճիռը։ Դատարանն Ավինյանների բիզնեսի վերաբերյալ ՍիվիլՆեթի հետաքննության որոշ ձևակերպումներ զրպարտություն էր որակել, պարտավորեցրել հերքում տեղադրել, սակայն մերժել էր դրամական փոխհատուցման պահանջը (3 մլն դրամ): ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը վճիռը «թույլ» է որակում՝ նշելով, որ դատավորը վճռում ավելացրել է տվյալ, որը գոյություն չունի ո՛չ հոդվածում, ո՛չ էլ գործի քննության նյութերում։ Ըստ նրա՝ դատարանն անհիմն կերպով «ոչ հավաստի» է համարել նաև պետական մարմիններից ստացված պաշտոնական տվյալները, որոնց վրա հիմնված է եղել հետաքննությունը։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը Տիգրան Ավինյանի հայցով դատարանի վճիռը «թույլ» է որակում և նշում, որ այն միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։

Նրա խոսքով՝ դատարանը վճռում թույլ է տվել մի քանի խնդրահարույց ձևակերպումներ։ Մասնավորապես, վճռում նշվում է, թե ՍիվիլՆեթը Ավինյանին մեղադրել է «պետական գումարները սեփական բիզնեսում օգտագործելու» մեջ։

«Այսպիսի բան ընդհանրապես չի եղել։ Ո՛չ հոդվածում է եղել այսպիսի միտք, ո՛չ էլ դատաքննության ժամանակ է այսպիսի քննարկում եղել։ Դատարանն ինքն իր կողմից նման դիտարկում է արել, սա օդից վերցված միտք է»,- նշեց Տոնոյանը։

Մյուս խնդրահարույց կետը, ըստ նրա, վերաբերում է դատարանի գնահատականին, թե հրապարակման տվյալները «եղել են սուտ, անհիմն, ոչ հավաստի»։ Տոնոյանն ընդգծում է, որ հոդվածը հիմնված է եղել պետական մարմիններից (Էկոնոմիկայի նախարարություն, ՊԵԿ) ստացված պաշտոնական տվյալների վրա։

«Ստացվում է, որ դատարանը պետական մարմինների կողմից տրված տվյալներն արժանահավատ չի համարում։ Սա աբսուրդ է»,- ասաց նա։

ՍիվիլՆեթի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գնումների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածը պատրաստվել էր Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

Այն բացահայտել էր, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը։ Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար։ Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։

Անդրադառնալով դատարանի այն դիտարկմանը, թե լրատվամիջոցը բարեխիղճ չի գործել՝ տեղեկատվությունը մասամբ ներկայացնելով (մասնավորապես՝ միայն «Իրիգեյթ» ընկերության մասով), Տոնոյանը պարզաբանեց, որ հոդվածում հստակ նշվել է, թե որ կոնկրետ աշխատանքներն է կատարել Ավինյանի ընտանիքի հետ կապված ընկերությունը։

«Հոդվածի բովանդակությունից հասկանալի է, որ ամբողջ ծրագիրը «Իրիգեյթը» չի արել։ Մեզ հետաքրքրել է կոնկրետ քաղաքապետի հետ կապված ընկերությունը, և տեղեկությունը բարեխիղճ է ներկայացվել»,- հայտնեց փաստաբանը։

Տոնոյանը նաև անդրադարձավ ընկերության հարկերի վերաբերյալ դատարանի վերլուծությանը՝ նշելով, որ պետական ծրագրերը մեկնարկել են 2019-ին, և տրամաբանական է, որ 2020-ին կատարված աշխատանքի հարկերն արտացոլվեին 2021-ի տվյալներում։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ այս վճիռը վտանգավոր նախադեպ է ստեղծում հետաքննող լրագրողների համար։ Նրա խոսքով՝ դատարանն անտեսել է լրագրողների բարեխիղճ քայլերը (բոլոր կողմերից մեկնաբանություն ստանալու փորձերը) և պաշտոնատար անձի նկատմամբ քննադատության ավելի լայն շրջանակի հանգամանքը։

«Դատարանը վճռում որևէ գնահատում չի արել, թե ինչու է, օրինակ, պետական մարմինների տվյալները ոչ արժանահավատ համարում։ Ընդամենը վերցրել, պատճենել է Վճռաբեկ դատարանի և Եվրադատարանի վճիռներից հատվածներ ու երեք պարբերությամբ գտել, որ այստեղ զրպարտություն կա»,- եզրափակեց Կարեն Տոնոյանը։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նույնպես քննադատել է ՍիվիլՆեթի դեմ դատարանի վճիռը։ Կազմակերպությունը դատապարտել է որոշումը՝ նշելով, որ այն «խաթարում է հանրային շահի լրագրությունը և կոչ է արել «պաշտպանել լրագրողներին քաղաքական ճնշումներից»

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում