Գլխավոր Լրահոս

Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը ազատության մեջ է և աշխատում է․ փաստաբան

Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալը ազատության մեջ է և աշխատում է․ փաստաբան

Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի և մահվան գործով օգոստոսի 18-ի դատավճիռն առ այսօր չի փոխանցվել կողմերին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Ռաֆֆի Ասլանյանը։ Նա, սակայն, ընդգծեց, որ այս իրավիճակը բնորոշ է դատարաններին․ վճիռները, որպես կանոն, մինչև չորս ամիս ուշ են տրամադրվում կողմերին։

«Ընդհանուր առմամբ, այս քրեական գործով ի սկզբանե եղել է ու կա ձգձգման միտում»,- ասաց Ասլանյանը։

Օգոստոսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալին՝ վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանին, դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման։ Վճիռը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Բացի այդ, Նավասարդյանը 1,5 տարով պետք է զրկվի մեքենա վարելու իրավունքից։

Ասլանյանը հաստատեց, որ Նավասարդյանն ներկայում, այսինքն՝ դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում շարունակում է մնալ ազատության մեջ և անգամ աշխատում է նույն համակարգում։

Փաստաբանի խոսքով՝ այն դեպքերում, երբ իշխանությունը նպատակահարմար է գտնում, դատարանը սկսում է արագացված գործեր քննել և արգելանքի տակ վերցնել մեղադրյալներին։ Օրինակ՝ Միքայել և Բագրատ սրբազանների վարույթները, Սամվել Կարապետյանի և մյուսների գործերը։

Սոնա Մնացականյանի մահվան գործով վաղեմության ժամկետը լրանալու է 2027-ի ապրիլին։ Նույն տրամաբանությամբ այն կարող է բողոքարկվել մինչև Վճռաբեկ դատարան, և ինչպես առաջին ատյանում գործի քննությունը տևեց շուրջ 3 տարի, այնպես էլ այս ատյաններում տեսականորեն հնարավոր է, որ վճռի վերանայումը ձգվի։

Դատական դեպարտամենտից նաև հայտնեցին, որ առաջիկայում գործը կփոխանցվի կողմերին։ Ըստ պատասխանի՝ վճիռը ժամանակին չի փոխանցվել կողմերին դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով։ Այս հանգամանքը չի կարող ազդել բողոքարկման ժամկետի վրա․ կողմերը վճիռը բողոքարկել կարող են ստացման պահից մեկամսյա ժամկետում։

***

2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջ վրաերթից հետո, սակայն, ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին, և փորձ չարվեց նրան տեղափոխել հիվանդանոց։

Գործով ձերբակալվեց Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը, նա հետագայում ազատության մեջ մնաց։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտավ դատարան։

Դատարանում հաստատված մեղադրանքի համաձայն՝ Արամ Նավասարդյանը կատարել է հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից և խախտելով երթևեկության կանոնները. նա վարել է մեքենան շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով թույլատրելի 100 կմ/ժ սահմանը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացությամբ՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։

Գլխավոր լուսանկարը՝ Հետքից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում