Մենք գիտենք, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը. Ռուբեն Հակոբյան

Մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները, չենք շնորհավորելու, մենք գիտենք, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և փորձելու ենք հաստատել այդ փաստը. նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Ընտրությունը կեղծվել է, և այսօր այդ կեղծված արդյունքներով հայտարարվել է նախագահ: Մենք դա չենք ընդունելու»,- ասաց նա:

Հակոբյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելով՝ Ժառանգություն կուսակցությունը պատրաստվում է ընտրակեղծիքների դեմ պայքարը տանել մինչև հաղթանակ: Նա ՀՀ բոլոր քաղաքացիներին այսօր ժամը 17:00-ին հրավիրեց Ազատության հրապարակ՝ հանրահավաքի: «Այս ընտրություններում հաղթեց Րաֆֆու բարությունը, ժպիտը, մարդկանց նկատմամբ սերը: Բայց ոչ ոք թող չմտածի, որ այդ բարության տակ խեղճություն կա: Առաջիկայում կլինեն գործողություններ, ու կհամոզվեք»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Հայաստանում հիմա դժվար է վստահելի դիտորդներ գտնելը, քանի որ շատերը, չկարողանալով դիմանալ ճնշումներին և կաշառքի գայթակղությանը, գրանցված լինելով որպես «Ժառանգության դիտորդ՝ աշխատել են «մեղմ ասած, ոչ ճիշտ»:

Իր դիտարկմամբ՝ այսօր իր ազատամտությամբ առավել աչքի ընկավ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը: «Գյումրիում այսօր վերածնվում է ազատ, իր սեփական արժանապատվության բարձր գիտակցումով քաղաքացին. պետք է խոնարհվել այդ մարդկանց առաջ»,- ասաց նա: Ըստ Հակոբյանի՝ Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը ցուցիչ է, որ այստեղ մարդիկ վեր են կանգնում իրենց վախերից ու առօրյա հոգսերից ու քվեարկում՝ որպես ազատ քաղաքացիներ: «Գալա» և Ասպարեզ» հեռուստատեսություններն էլ, իր խոսքով, լրագրողական պրոֆեսիոնալիզմի և ճիշտ աշխատանքի օրինակներ են: «Այսօր Գյումիում միտինգ է եղել,- հաղորդեց Հակոբյանը,- պահանջում են, որ իրենց ձայներին տեր կանգնեն: Շնորհակալ եմ ձեզ, սիրելիներս, ու մենք ամեն ինչ կանենք, որ տեր կանգնենք ձեր ձայներին: Մեր թիմը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շատ բան կարող է անել»:

Մեկնաբանել