10 մզկիթ Էրդողանի խնդրանքով. հերթական ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ

Հայկական մի շարք լրատվամիջոցներ նոյեմբերի 14-ին տարածել են տեղեկություն, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։
Լրատվականները որպես տեղեկության աղբյուր նշել են թուրքական odatv[.]com կայքը։
«Ըստ հրապարակման՝ նոր մզկիթների շինարարությունը Հայաստանում նախատեսվում է սկսել դեկտեմբերի սկզբին։ Հաղորդվում է, որ մզկիթներից հինգը կկառուցվեն հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող տարածքներում, իսկ մնացած հինգը՝ երկրի խոշոր քաղաքներում»,- գրել է հայկական 168.am-ը՝ մեջբերելով, թե Փաշինյանն աջակցել է այս նախաձեռնությանը՝ ապահովելով պատմական նախագծի ֆինանսավորումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով:
Տեղեկությունը տարածել են նաև pastinfo.am-ը, yerkir.am-ը, ինչպես նաև ֆեյսբուքյան մի շարք էջեր (1, 2) և տելեգրամյան ալիքներ։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկությունը. «OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից»։
Հատկանշական է, որ հոդվածում նշվում է, թե մզկիթների շինարարությունը «սկսվելու է դեկտեմբերից», սակայն դա անհամատեղելի է իրավական և փաստական գործընթացների հետ․ Հայաստանի կառավարությունը նման որոշում կամ նախագիծ չի ընդունել, իսկ շինարարական աշխատանքները չեն կարող մեկնարկել առանց պարտադիր նախնական քայլերի՝ մրցույթի հայտարարման, կառուցման նախագծի հաստատման, հողի հատկացման, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրի սահմանման։ Այս ընթացակարգերից ոչ մեկը տեղի չի ունեցել, ինչը փաստում է, որ տեղեկությունները հավաստի չեն։
Odatv-ն՝ հիբրիդային պատերազմի գործիք
Առաջին անգամ չէ, որ odatv[.]com-ում Հայաստանի ու մասնավորապես կառավարության վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում։ Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 15-ին, նույն հեղինակը մեկ այլ սենսացիոն հոդված էր գրել, թե Նիկոլ Փաշինյանը «հայտարարել է Սյունիքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին» և պնդել է, թե Հայաստանը Սյունիքից «կհանձնի 1200 քմ տարածք»։ Fip.am-ի մեր գործընկերներն անդարադարձել էին այս ապատեղեկատվությանը։
Հայաստանում կառուցվող 10 մզկիթների մասին նոր հոդվածը Odatv-ի կայքում հրապարակվել է նոյեմբերի 14-ին։ Նյութի հրապարակումից հետո տեղեկատվական մեծ արշավ է սկսվել X-ում (նախկին՝ Twitter)։ Նախ Odatv-ի X-ի իր միկրոբլոգում թուրքերեն տեսանյութ է հրապարակվել՝ հոդվածի նույն բովանդակությամբ։
Այնուհետև այս կեղծ տեղեկությունն արդեն անգլերեն տեսանյութերի և տեքստերի միջոցով տարածել են տասնյակ անանուն ու ֆեյք X օգտահաշիվներ։ Այս սխեման առաջին անգամ չի օգտագործվում։

Հոդվածին արդեն իսկ անդրադարձել է ռուսական Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ։ Նախաձեռնությունը գրել է.«Վերջին Storm-1516 ապատեղեկատվական արշավը թիրախավորում է Հայաստանը և նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։
The latest Storm-1516 disinformation campaign is targeting Armenia and its PM Nikol Pashinyan, the campaign is alleging that 10 mosques will be built in Armenia and the construction is to be funded by the government and the project was allegedly inspired by the Turkish president pic.twitter.com/yNsawc2o1U
— gnida project (@gnidaproject) November 14, 2025
Ի՞նչ է Storm-1516-ը
Storm-1516 ապատեղեկատվական արշավը ռուսական ծագում ունեցող համակարգված ցանց է, որը կիրառում է հիբրիդային պատերազմի միջոցներ՝ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն, կեղծ լրատվական կայքեր, բազմալեզու deepfake-եր և ժամանակավոր հաշիվներ։ Դրա նպատակը ոչ միայն կեղծ տեղեկատվություն տարածելն է, այլև վստահության քայքայումը, իրականության աղավաղումը և հասարակությունների տեղեկատվական ընկալման խաթարում։ Թիրախում են Եվրոպական երկրները, Ուկրաինան և այլ երկրներ։
Վերջին ամիսներին այս արշավի թիրախավում է նաև Հայաստանը՝ հատկապես իշխանությունները և ՀՀ-Եվրոպական միություն համագործակցությունը։
ՍիվիլՆեթը և գործընկեր փաստեր ստուգող կազմակերպությունները բազմիցս անդրադարձել են Storm-1516-ի շրջանակում տարածված կեղծ լուրերին։
Կեղծ լուրեր՝ նորաստեղծ կայքից․ ինչպես է տարածվել Փաշինյանի և Պապիկյանի մասին ապատեղեկատվությունը
Թուրքական Odatv-ն բազմիցս օգտագործվել է այս հիբրիդային արշավների մեջ՝ այդ թվում Ուկրաինայի դեմ ուղղված ապատեղեկատվություն տարածելու համար։
Գործելաոճը գրեթե միշտ նույնն է. նախ որևէ նոր կամ արդեն գործող կայքով հոդված է հրապարակում՝ կեղծ, սկանդալային տեղեկություններով։ Հետո այդ հոդվածի հիման վրա տեսանյութեր են ստեղծվում ու տարածվում հատկապես X միկրոբլոգում։ Տարածողները սովորաբար նորաստեղծ, անանուն կամ ֆեյք հաշիվներ են, որոնք միաժամանակ հրապարակում են նույն բովանդակությամբ գրառումները՝ ստեղծելով լայն տարածման ու «հանրային քննարկման» պատրանք։ Շատ դեպքերում այս շղթային միանում են նաև Telegram ալիքներ, որոնք ուժեղացնում են նույն ապատեղեկատվությունը տարբեր լեզուներով։
Հենց այս սխեմայով է տարածվել նաև Հայաստանում 10 մզկիթների կառուցման վերաբերյալ Odatv-ի հրապարակումը․ սակայն այս անգամ արշավին, փաստացի, միացել են նաև հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ։
Անի Գրիգորյան
CivilNetCheck










