Գևորգ Թոսունյան
Հայաստանի դատարաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ մասնավորապես գաղտնալսում իրականացնելու միջնորդությունների ու վարարարումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Եթե նախկինում նման գործիքակազմը կիրառվում էր բացառիկ դեպքերում, ապա այժմ, ըստ իրավաբանների և վիճակագրության, այն կրում է համատարած բնույթ։ Մասնագետները ահազանգում են՝ վերահսկողությունը հաճախ դուրս է գալիս իրավական տրամաբանությունից՝ վերածվելով քաղաքական ճնշման գործիքի։
Վիճակագրական թռիչք և «անտեսանելի» վերահսկողություն
Պաշտոնական տվյալները փաստում են՝ 2018-ից հետո, և հատկապես վերջին երեք տարիներին, քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու, ներքին և արտաքին դիտում իրականացնելու միջնորդությունները կտրուկ ավելացել են։
Եթե 2023-ին և 2024-ին նման միջնորդությունների թիվը տատանվում էր 600-750-ի սահմաններում, ապա 2025-ի միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշն արդեն մոտեցել է 600-ի։ Միջնորդությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում է հեռախոսային գաղտնալսումներին, որոնց ավելի քան 60 տոկոսը դատարանների կողմից բավարարվում է։
Պաշտոնական վիճակագրությունը գաղտնալսումներին առնչվող չորս միջնորդությունների խումբ ունի, բացի հեռախոսային հաղորդակցության վերահսկում իրականացնելու մասին միջնորդությունները, կան նաև ներքին և արտաքին դիտումներ, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում իրականացնելու միջնորդություններ։ Վերջին տարիներին այս բոլոր միջնորդությունները կտրուկ ավելացել են։
Սակայն սա միայն այսբերգի երևացող կողմն է։ Փաստաբանները պնդում են, որ իրական պատկերն ավելի մտահոգիչ է, քանի որ գաղտնալսումներ իրականացվում են նաև առանց դատարանի որոշման կամ օրինական հիմքերի։
Իրավական գործընթա՞ց, թե՞ քաղաքական հետապնդում
Փաստաբանները կարծում են, որ գաղտնալսումների քանակի աճը պայմանավորված է ոչ թե հանցավորության դեմ պայքարի արդյունավետությամբ, այլ իշխանության՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերահսկելու քաղաքականությամբ։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գնահատմամբ՝ գործընթացը տեղի է ունենում քաղաքական պայքարի համատեքստում. «Իմ կարծիքով՝ գաղտնալսումներն իրականացվում են համատարած և ոչ միայն դատարանի որոշումների հիման վրա, իսկ դատարանների որոշումները հաճախ ստացվում են պարզապես ըստ անհրաժեշտության։ Հանրության մոտ ձևավորվել է ընկալում, որ բոլորին փորձում են վերահսկել»,- ասում է Ասլանյանը։
Ընդդիմադիր գործիչները ևս պնդում են, որ «ժուչոկները» դարձել են քաղաքական առօրյայի մաս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ գաղտնալսված նյութերը հաճախ օգտագործվում են հանրային վարկաբեկման համար՝ հայտնվելով իշխանամերձ լրատվամիջոցներում, ինչին հաջորդում է քրեական գործերի հարուցումը։
Դատական «կոնվեյեր» և արհեստական ծանրացում
Գաղտնալսման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է, որ անձը կասկածվի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, սակայն, ինչպես նկատում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, իրավապահները հաճախ դիմում են հնարքների, իսկ դատարանները «աչք են փակում» դրանց վրա։
«Դեպքեր են եղել, երբ օպերատիվ մարմինը դիմել է դատարան՝ նշելով, որ ենթադրվում է՝ անձը կաշառք է վերցրել։ Քանի որ կաշառքի առաջին մասը միջին ծանրության հանցագործություն է և գաղտնալսման հիմք չի տալիս, դատարանն իր որոշման մեջ ինքնուրույն ավելացնում է «500 000 դրամից ավելի» ձևակերպումը։ Սա արվում է արհեստականորեն հանցանքը ծանրացնելու և գաղտնալսումը «օրինականացնելու» համար»,- բացատրում է Սիմոնյանը։
Ավելին, ըստ փաստաբանի, դատական որոշումները հաճախ պատճենահանված են լինում. «Երբ համեմատում ես նույն դատավորի՝ նախկինում կայացրած որոշումները, տեսնում ես, որ միայն անուն-ազգանուններն ու տվյալներն են փոխված։ Պատճառաբանական մասը մնում է նույնը՝ առանց գործի կոնկրետ հանգամանքների վերլուծության»։
Արտահոսքեր, մոնտաժ և անպատժելիություն
Խնդրի մյուս կարևոր կողմը գաղտնիության ռեժիմի խախտումն է։ Չնայած Քրեական օրենսգիրքն արգելում է նախաքննական տվյալների հրապարակումը, աղմկահարույց գործերով ձայնագրությունները պարբերաբար հայտնվում են համացանցում։
Այսկերպ սկսվեց Բագրատ արք․ Գալստանյանի, ինչպես նաև Արագածոտնի թեմի հոգևորականների վարույթները։ Երկու դեպքում էլ գաղտնալսված ձայնագրությունները հայտնվեցին իշխանության հետ փոխկապակցված կայքերում, այնուհետև դարձան քրեական վարույթի առարկա։
Իրավաբանները պնդում են, որ նման դեպքում գործում է երկակի ստանդարտների կիրառում. եթե փաստաբանը հրապարակի նախաքննական նյութ, նա անմիջապես կենթարկվի քրեական պատասխանատվության, մինչդեռ իրավապահ համակարգից արտահոսքերի դեպքում մեղավորները սովորաբար չեն հայտնաբերվում։
Բացի այդ, հանրությանը մատուցվող ձայնագրությունները հաճախ մոնտաժված են լինում։ «Գաղտնալսումները կտրտված են, կոնտեքստից դուրս, ինչը լսողի մոտ ստեղծում է այլ պատկեր։ Պաշտպանական կողմը հաճախ ամբողջական բովանդակությանը ծանոթանում է շատ ավելի ուշ, երբ հանրային ընկալումն արդեն ձևավորված է լինում»,- եզրափակում է Լիպարիտ Սիմոնյանը։
«Բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը»․ Փաշինյանի արձագանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 4–րդ տարեդարձի միջոցառմանը` հոկտեմբերի 23-ին, անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանում համատարած գաղտնալսումներ են իրականացվում։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ օպերատիվ հետախուզության մասին օրենքը հստակ սահմանում է՝ երբ և ինչ պայմաններում կարելի է կիրառել այդ գործիքակազմը, և դա բնորոշ է նաև ժողովրդավարական երկրներին։
Փաշինյանը չի հերքել, որ կառավարությունը ներդրումներ է անում օպերատիվ մարմինների տեխնիկական կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Նա այս հանգամանքը հիմնավորել է հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությամբ՝ նշելով, որ հանցագործ աշխարհը տեխնոլոգիական նոր մոտեցումներ է որդեգրում, և պետությունը չպետք է հետ մնա։
«Եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի»,- հայտարարել է վարչապետը։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս նվազեցնել կախվածությունը անձանց ցուցմունքներից։ Սա, ըստ նրա, կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ վկաների նկատմամբ ապօրինի ճնշումներ են գործադրվում․ նման պարագայում տեխնիկական միջոցներով ձեռք բերված ապացույցները թույլ կտան գործերը հասցնել տրամաբանական ավարտին։
Մինչ իշխանությունները հավաստիացնում են, որ գործընթացը բացառապես օրինական դաշտում է, մասնագիտական հանրությունը արձանագրում է՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը Հայաստանում գնալով ավելի խոցելի է դառնում։
Civilnet











