Սիրանուշ Ադամյան
2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցի ոչ գաղտնի դրվագները ժամանակի ընթացքում հասանելի կդառնան հանրությանը․ այս մասին ասել է Քննիչ հանձնաժողովի նախագահ և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հետքի հետ զրույցում Քոչարյանն ասել է, որ զեկույցն առաջնահերթ կգնա այն մարմիններին, որոնք պետք է դա լրջորեն կարդան, ուսումնասիրեն և հետևություններ անեն։
2022-ի հոկտեմբերին ստեղծված քննիչ հանձնաժողովը պատերազի հանգամանքները երեք տարի ուսումնասիրելուց հետո 2025-ի սեպտեմբերին հայտարարեց զեկույցի պատրաստման ավարտի մասին, սակայն զեկույցը միանգամից ուղարկվեց ԱԺ արխիվ և մատչումը դրան սահմանափակվեց։ Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց և չմասնակցեց քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պնդելով, որ դրա նպատակը քաղաքական ղեկավարության ձախողումները սրբագրելն է։
Քոչարյանի խոսքով՝ չնայած զեկույցը դեռ հանրությանը հասանելի չէ, բայց այն ունի ոչ հույժ գաղտնի դրվագներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են հանրությանը հասանելի դառնալ։
Զեկույցը, ըստ նրա, մոտ 200 էջ է, բայց այն ձևավորվել է մոտ 16,000 փաստաթղթային նյութերի, տեսագրությունների, հարցաքննությունների տեսագրությունների, ձայնագրությունների հիման վրա։ Այդ նյութերը գաղտնիացնելուց հետո զեկույցը կուղարկվի համապատասխան մարմիններին։
«Զեկույցը առաջնահերթ կգնա այն մարմիններին, որոնք պետք է դա լրջորեն կարդան, ուսումնասիրեն և հետևություններ անեն, առաջին հերթին՝ պաշտպանական գերատեսչություն, ազգային անվտանգություն, արտաքին հետախուզություն, ԱԳՆ, դատախազություն և այլն»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ աշխատանքի ընթացքում դատախազությանը ուղարկել են նյութեր՝ հակօդային պաշտպանական համակարգերի հետ կապված «խայտառակ իրողությունների» վերաբերյալ, սակայն երկու տարի անց դեռ պատասխան չեն ստացել։
Նա հավելել է, որ լրագրողները ևս հնարավորություն կունենան ծանոթանալու զեկույցին՝ պարտությունների պատճառների մասին պատկերացում ստանալու համար։
Հոկտեմբերի 6-ի հակահարձակման ձախողման մասին
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ հարավում հոկտեմբերի 6-ի հակահարձակման օպերացիայի ձախողման պատճառների մասին։ Նրա խոսքով՝ այս հարցով հարցաքննվել են Օնիկ Գասպարյանը և Սամվել Բաբայանը։
2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Օպերացիայի գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։ Այս օպերացիան հայկական կողմը ձախողեց՝ տալով բազմաթիվ զոհեր։ Կա վարկած, որ բանակի ողնաշարը ջարդվեց այս օպերացիայի ձախողումից։
«Օնիկ Գասպարյանի բառերով ասեմ՝ ասել էր աչքս ուտում է, լավն է։ Մշակվել է օպերացիան, բայց ցանկացած օպերացիա մշակելուց հետո պետք է կարողանաս ուժերդ այնպես դասավորես, որ որևէ շեղում չլինի»,- նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ մոբիլիզացիոն ռեսուրսի հետ կապված, նաև օդաչուների պակասի, հրետանային համակարգերի հասանելիության խնդիրներ կային։
«Թղթի վրա էր այդ ռեսուրսը։ Առաջին իսկ բանից պարզ դարձավ, որ այդ ռեսուրսն էլ պատրաստված չի։ Դու մարդկանց այդ ռեսուրսը զորակոչում ես, բայց իրենք արդեն պիտի իմանային իրենց ծառայության վայրը՝ ինչ մասնագետ է զորակոչվում», - նշել է Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը չի ընդունում վարկածը, որ հակահարձակման օպերացիայից հետո բանակի ողնաշարը ջարդվել է։ Նա նշել է, որ խնդիրը այլ էր։
«Ողնաշարի ջարդվելու խնդիրը չէր։ Երբ որ պաշտպանական բնագծերը փոխվել էին, դա լրացնելու խնդիրը դարձավ պրակտիկորեն անհնար։ Անընդհատ այդ անցքը լցնելու համար չպատրաստված խմբեր էին ուղարկում, և ինքը վերջահաշվարկում ուզեր թե չուզեր դառնալու էր թնդանոթի միս»,- նշել է Քոչարյանը։
Ջաբրայիլի ճեղքման մասին
Խոսելով Ջաբրայիլի շրջանում ճեղքման մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Ջաբրայիլի ճեղքումը կարելի էր կանխել, եթե 2016-ի քառօրյա պատերազմի վերլուծությունից դասեր քաղվեին։
«2016-ի քառօրյա պատերազմի վերլուծության ընթացքում պիտի հասկանային, որ կա նաև քաղաքական նպատակ, դա Մեղրին է, դա այդ ուղղությունն է։ Այդ ուղղությունը, եթե ճեղքվում է, պաշտպանական բնագիծը դառնում է ոչ թե 60 կիլոմետր, դառնում է հարյուրավոր կիլոմետրեր, որը արդեն այլ ռեսուրսներ է պահանջում, պատրաստված ռեսուրսներ», - նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ ճեղքման ուղղությունը տեսանելի էր, սակայն երկրորդ պաշտպանական բնագիծ չի ստեղծվել։
Պատերազմի սկսվելու վերաբերյալ նախնական տեղեկատվության մասին
Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնել պատերազմի սկսվելու՝ նախնական տեղեկատվության ստացման վերաբերյալ։ Նա նշել է, որ հետախուզական համակարգի հնարավորությունները սահմանափակ էին։
«Վերջնական մենք իմացել ենք դրա մասին, երբ որ կարողացել ենք կլանենք Նախիջևանում թուրքական բանակի ուժերի տեղակայված սպայակազմի մի զրույց։ Դրա հիման վրա հասկացել է գլխավոր շտաբը, որ այ այս օրը կլինի պատերազմ։ Դա հաստատել է Օնիկ Գասպարյանը»,- նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ դրանից առաջ այլ աղբյուրներ, որոնք ունեն ավելի մեծ հետախուզական ցանցեր՝ տիեզերքից մինչև գետնի վրա, անընդհատ հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի։ Քոչարյանը նշել է, որ նաև Ռուսաստանի Դաշնությունից ասել են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյայի ժամանակ հոկտեմբերի 19-ին վարչապետը կայացրել է ճիշտ որոշում՝ չհամաձայնելով Ռուսաստանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկի հետ։ Իսկ հարցին, թե կունենայի՞նք ավելի լավ վիճակ, քանի նոյեմբերի 9-ին, ասաց, որ դա դա հետագայում կգնահատվի։
Civilnet











