Հեղափոխության մեղավորները

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ հեղափոխությունների մասին մտածելու տեղիք են տալիս: Քանի որ արդեն միջազգային հանրությունը ամբողջովին ներգրավվել է Սիրիայի ներքաղաքական գործընթացներում, հարցերից մեկը վերաբերում է իրավիճակի համար պատասխանատվություն կրողներին: Մոտեցումներից մեկի համաձայն՝ պատասխանատվությունն ընկած է միջազգային հանրության վրա: Նույն մոտեցումը կար նաև Թունիսում, Եգիպտոսում և մնացած երկրներում վերջերս տեղի ունեցած հեղափոխությունների պատասխանատվության հետ կապված:

Պատասխանատվության հարցի տեսանկյունից հետաքրքիր է Խորհրդային Միության փլուզման օրինակը: ԽՍՀՄ-ը, լինելով գերհզոր տերություն, ևս ռեպրեսիվ ուժ էր կիրառում իր քաղաքացիների նկատմամբ, որն էլ ի վերջո տարավ նրա փլուզմանը:
Դեռ 1956թ. Հունգարիայում իշխանության դեմ ինքնաբուխ ցույցեր էին սկսվել: Մոսկվայի կողմից իրականացվող ճնշումների դեմ հունգարացի ուսանողների ցույցերը ճնշվեցին Բուդապեշտ մտած խորհրդային բանակի կողմից, ընդհարումների ժամանակ մոտ 5000 մարդ զոհվեց:

Մարդկանց բողոքի արտահայտման վարքագիծը տեղափոխվեց նաև սպորտի ոլորտ: Այդ ժամանակ Ավստրալիայում սկսվել էին օլիմպիական խաղերը, և Հունգարիայի թիմը, ժամանելով Մելբուռնի օլիմպիական ավան, Խորհրդային Միության դրոշը փոխարինում է Հունգարիայի դրոշով: Հետագայում Ռուսաստան-Հունգարիա ջրագնդակի խաղի ժամանակ կռիվ է սկսվում խաղացողների միջև, ինչի պատճառով խաղը դադարեցվում է:

1968թ. մարտի 8-ին Վարշավայի համալսարանի հինգ հազար ուսանող դուրս էր եկել փողոց՝ պահանջելով ուսանող Ադամ Միչնիկի ազատությունը: Ոստիկանության կողմից գործողությունները հանգեցնում են անհնազանդության տարածմանն ամբողջ Լեհաստանում՝ սկիզբ տալով ուսանողական մեծ շարժման: Ուսանողները փողոցներում գոռում էին. «Լեհաստանը սպասում է իր Դուբչեկին»: Դուբչեկը 1968թ. սկզբին Պրահայում սկսած ընդվզումների կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցող ակտիվիստներից էր:

ԽՍՀՄ-ը, լինելով հնարավորինս փակ պետություն, նվազագույնի էր հասցրել արտաքին աշխարհի ուղղակի ազդեցությունը իր և սոցճամբարի երկրների ներքաղաքական կյանքի վրա, սակայն նույնիսկ այս պայմաններում մարդիկ դուրս էին գալիս փողոց, քանի որ իշխանության ռեպրեսիվ գործողությունները մարդկանց այլընտրանք չէին թողնում: Մոսկվան կարողացավ ճնշել վերը նշված ցույցերը, սակայն իրական փոփոխություններ չկատարեց ներքաղաքական կյանքում, որն էլ հետագայում հանգեցրեց հեղափոխության և հսկա կայսրության փլուզման:

Խորհրդային Միության փլուզումից մոտ 20 տարի անց հեղափոխության ալիք բարձրացավ Արաբական աշխարհում: Ինչպես ԽՍՀՄ-ում, այդ երկրներում ևս ճնշումներ էին գործադրվում քաղաքացիների նկատմամբ: Թունիսի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը բանտերից ազատեց մոտ 700 քաղբանտարկյալի: Սա ցույց է տալիս, թե Թունիսի իշխանությունը ինչպիսի ռեպրեսիվ ուժ էր կիրառում քաղաքացիների նկատմամբ: Նույնիսկ հեղափոխության սկիզբը՝ ինքնահրկիզված Մուհամեդ Բոուազիզի դեպքը, ցույց էր տալիս իշխանության պատասխանատու լինելու փաստը:

Գրեթե նույն վիճակն էր Եգիպտոսում, Լիբիայում և այն երկրներում, որտեղ հասավ հեղափոխության ալիքը: Եգիպտոսում մեծ թվով ուսանողներ միացան հեղափոխությանը. սա հիշեցնում էր Հունգարիայում ու Լեհաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
Սիրիայում նույնպես երկար ժամանակ իշխանությունը ռեպրեսիվ ուժ էր կիրառում քաղաքացիների նկատմամբ: Գրեթե 48 տարի ռազմական դրություն էր գործում երկրում, և հենց այդպիսի քաղաքական ճնշումների պատճառով է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մարդիկ դուրս են եկել փողոց:

Ռուսաստանի ներքաղաքական գործընթացները ևս ցույց են տալիս, որ հեղափոխական ալիքը շուտով կտեղափոխվի այս երկիր: Իշխանությունը ամեն կերպ սահմանափակում է քաղաքացիների ազատությունները և ճնշումներ գործադրում: Վերջերս Պետդուման հասարակական կազմակերպությունների մասին օրենք է ընդունել, որը խոչընդոտներ է ստեղծելու քաղաքացիական հասարակության գործունեության համար: Պարզ է, որ այս և մի շարք այլ գործընթացներ տանելու են հեղափոխության, քանի որ իշխանությունը այլընտրանք չի թողնում քաղաքացիների համար:

Խորհրդային Միության փլուզումից մինչև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններ ցույց են տալիս, որ երկրում ստեղծված հեղափոխական իրավիճակի համար հիմնական պատասխանատվություն կրողը իշխանությունն է: Հենց վերջիններիս քաղաքականության պատճառով է, որ մարդիկ այլընտրանք չեն ունենում և դուրս են գալիս փողոց կամ հրկիզում իրենց:

Պատմությունը և ընթացիկ գործընթացները աշխարհում մեծ թվով դասեր են տալիս բոլորին, և եթե որևիցե իշխանություն դասեր չքաղի այդ գործընթացներից, ապա ստիպված կլինի կրկնել Խորհրդային Միության, Եգիպտոսի, Սիրիայի կամ էլ Լիբիայի ճակատագիրը:

Մեկնաբանել