Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր՝ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, որոնցում վերջինս իբրև գովազդում է եկամուտ խոստացող ներդրումային հարթակ։
«Գրանցումը ընդամենը մի քանի րոպե տևեց։ Արդեն մի քանի շաբաթ անց ես տեսա արդյունքը։ Սա մոգություն չէ, սա ճիշտ կառուցված մի համակարգ է, որը գործում է»,- տեսանյութում ռուսերեն հայտարարում է Ծառուկյանը՝ հավելելով, որ իր հարազատներն ու ընկերները՝ գործազուրկներ, տաքսու վարորդներ, դպրոցի ուսուցիչներ և թոշակառուներ, միացել են հարթակին և ունեն կայուն հավելյալ եկամուտ։
Մինչդեռ սա արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյք (deepfake) տեսանյութ է։ Իսկ հայտնի գործարարի դեմքն օգտագործվում է վստահություն ձեռք բերելու և մարդկանց դրդելու կասկածելի հարթակներում ներդրումներ անել։
Որտեղի՞ց է վերցված իրական տեսանյութը
Ծառուկյանի մասնակցությամբ դիփֆեյք կադրերը վերցված են 2024-ի սեպտեմբերին հրապարակված տեսանյութից, երբ նա հանդիպել էր Փարիզի օլիմպիական խաղերից վերադարձած մեդալակիրներին և մարզիչներին։ Այդ հանդիպման ժամանակ Ծառուկյանը որևէ ներդրումային հարթակի մասին չէր խոսել։
Ձայնի նմանակման համար կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, որոնք պատճենել են Ծառուկյանի ձայնն այլ տեսանյութերից։
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ տեսանյութը կեղծ է և Ծառուկյանը երբեք նման հարթակ չի գովազդել։
Կեղծ տեսանյութերի աղբյուրը
Տեսանյութերը տարածվում են «Ինֆորմացիա ուսպեխա» (Информация успеха) ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2021-ի օգոստոսին։ Էջը ներկայում չորս դիփֆեյք տեսանյութ է գովազդի միջոցով տարածում՝ նույն «եկամուտ բերող» հարթակի վերաբերյալ՝ բոլորում օգտագործելով Գագիկ Ծառուկյանի կերպարը։ Թեև տեսանյութերը թիրախավորում են հայկական լսարանին, դրանք ռուսերեն լեզվով են։
Նույն էջը ավելի վաղ տարածել էր դիփֆեյք տեսանյութեր՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և բլոգեր Արուս Գալստյանի մասնակցությամբ, որոնցում վերջիններս իբրև գովազդում էին WhatsApp-ի կողմից ստեղծված հարթակ՝ գումար վաստակելու համար։ #CivilNetCheck-ն անդրադարձել էր այդ խարդախությանը։
Տե՛ս Աննա Հակոբյանի ու «Արուսյա Կավկազի» դիփֆեյքերով տարածում են կեղծ ներդրումային հարթակ
Ի՞նչ հարթակի մասին է «խոսում» Ծառուկյանը
Տեսանյութերը տանում են ledgionavera[.]top անվանումով կայք, որում գովազդվում է «WhatsApp AI — պասիվ եկամուտ առանց գրաֆիկների և բարդությունների» անվանումով հարթակ։ Սակայն այս հարթակը որևէ կապ չունի «Մետա» ընկերության WhatsApp հավելվածի հետ։

Կայքում օգտատիրոջից պահանջվում է լրացնել անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Ապա նրան զանգահարում է ռուսախոս անձ և փորձում համոզել կատարել ներդրում։ Խարդախները այս սխեման օգտագործել են բազմիցս։
Իսկ նման հարթակներում գումար ներդնելը ռիսկային է։ Չկա որևէ երաշխիք, որ ներդրած գումարը կավելանա կամ կվերադարձվի։
#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է հայտնի անձանց կերպարներով պատրաստված դիփֆեյք (deepfake) տեսանյութերին, որոնց միջոցով փորձում են օգտատերերին համոզել կատարել ներդրումներ կասկածելի հարթակներում։
Տե՛ս Հայտնի անձանց և լրագրողների դիփֆեյքերով կրկին խարդախություն է տարածվում
Սա առաջին դեպքը չէ, երբ խարդախները ֆինանսական խաբեություն են տարածում՝ օգտագործելով Գագիկ Ծառուկյանի անունը և դեմքը։ Վերջին ամիսներին նրանք թիրախավորել են հայաստանյան օգտատերերին՝ դիփֆեյք տեսանյութերի միջոցով և նմանակելով լրատվական կայքեր:
Անի Գրիգորյան
CivilNetCheck











