Կառավարության gov.am կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր։
Կառավարության կայքում նշվում է, որ հրապարակում են «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։
Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչ մեթոդաբանությամբ է հրապարակել այս կամ այն փաստաթուղթը։ Օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների մեկ հայտարարություն հրապարակվել է, մինչդեռ մյուսները չեն հրապարակվել։
Կառավարությունը փաստաթղթերից շատերը հրապարակել է ոչ թե իր արխիվներից, այլ հղում անելով Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրով կայքին։ Նմանապես, 1999-ի տարածքների ենթադրյալ փոխանակման փաստաթուղթը հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին հղումով։
Փաստաթղթերի շարքում բացակայում է 2001-ի Քի Վեսթի առաջարկը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին՝ Հայաստանի հարավով Ադրբեջանին ինքնիշխան միջանցքի տրամադրման դիմաց։
Հրապարակված փաստաթղթերի գլխավոր նորությունը 2019-ի հունիսի Մինսկի խմբի առաջարկն է, որն առավել հայտնի է որպես Լավրովի պլան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախկին նախագահների հրապարակային հեռակա բանավեճում վերջինները պահանջում էին հրապարակել 2019-ի առաջարկը։
***
Նոյեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը կհրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դե յուրե լուծարումից հետո, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին։
Վարչապետը պնդել էր, որ բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին (короткий поводок)»՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բանակցային բոլոր թղթերը կհրապարակվեն, և դա «ավելի տեսանելի կդառնա»։ Ըստ Փաշինյանի, «պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին»։
Civilnet











