ԱՄՆ-ում գործող Khachkar Studios կազմակերպությունը հայտարարել է, որ իր նախատեսած պատմական 100 միլիոն դոլար ներդրումային փաթեթից 10 միլիոն դոլար ուղղելու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի «հավատացյալներին»։ Նպատակը եկեղեցի հաճախողների թվի ավելացումն է և սոցիալական ծրագրերի արդյունավետության բարձրացումը։
Ըստ հաղորդագրության՝ Khachkar Studios-ը պատրաստակամություն է հայտնել առաջիկա հինգ տարիների ընթացքում մինչև 500,000 դոլար տրամադրել Արևելյան թեմի այն անհատ հավատացյալներին կամ ծխական համայնքներին, որոնք կկիրառեն կազմակերպության կողմից մշակված կառավարման հատուկ «Շրջանակը» (Framework)՝ Աստվածաշնչյան սկզբունքներով ոգեշնչված կառավարման գերազանցության մոդելը:
Կազմակերպությունը վերջին երկու տարիների ընթացքում ուսումնասիրել է ԱՄՆ-ի 106 հայկական ծխական համայնքների և կրոնական կառույցների գործունեությունը (2019-2025 թթ.): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ.
- Ներկայում ԱՄՆ-ում բնակվող հայերի միայն 3%-ն է կանոնավոր այցելում եկեղեցի (թեև եկեղեցական առաջնորդները հաճախ կարծում են, թե այդ թիվը մոտ 30% է):
- Հայկական ծխերի «Սոցիալական ներդրումների վերադարձի» (SROI) միջին ցուցանիշը 3.7x է, ինչը զգալիորեն զիջում է ԱՄՆ ուղղափառ եկեղեցիների ցուցանիշին (9.4x):
Նախաձեռնության նպատակն է հինգ տարվա ընթացքում կրկնապատկել հավատացյալների թիվը՝ հասցնելով 6%-ի, և SROI ցուցանիշը բարձրացնել մինչև 7.0x։
Khachkar Studios-ը նշում է, որ Արևելյան թեմի հովանու ներքո գործող չորս խոշոր կառույցներ (Թեմը, Հիմնադրամը, FAR-ը և Սուրբ Ներսես ընծայարանը) արդեն լավ մեկնարկ են տվել ֆինանսական թափանցիկության հարցում։
Ծրագրի մասին իրազեկելու համար նախատեսվում է լայնածավալ մեդիա արշավ 19 հայկական լրատվամիջոցներում և ամերիկյան առաջատար պարբերականներում (New York Times, Boston Globe, Washington Post և այլն):
Civilnet











