Առճակատման սցենարից կշեղվեն դեպի նորմատիվայինը. քաղաքագետ

Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին նախագահականից ստացված հաղորդագրությունը հուշում է, որ կողմերը՝ հատկապես ընդդիմադիր կողմը, պատրաստակամություն են հայտնում շեղվել առճակատման սցենարից դեպի ինստիտուցիոնալիզացվող՝ նորմատիվային սցենարը. նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում: «Դրա հետ միասին կողմերը կիրականացնեն համաձայնողական, ոչ թե առճակատման քաղաքականություն: Համաձայնողական քաղաքականությունը տանում է դեպի ավելի մեծ արդյունքներ, որոնք ընդունելի են շատերի համար»,- ասաց նա:

Ըստ Մարկարովի՝ անսպասելի էր, որ կոմպրոմիսային ընտրարշավին հաջորդեց բնավ ոչ կառուցողական վերաբերմունքն ընտրության արդյունքների նկատմամբ: «Այս ընտրարշավը ավելի քիչ ագրեսիվությամբ էր աչքի ընկնում: Այստեղ ավելի շատ կոչեր են հնչել գնալ միավորման, քան՝ առճակատման,- ընդգծեց նա:- Այն փորձը, որ ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես քաղաքական գործիչ, Հայաստանում և Հայաստանից դուրս, պիտի օգներ նրան ընդունելու այն իրական վիճակը, որ կա»:

Մարկարովի դիտարկմամբ՝ այս պահին գործ ունենք քաղաքականության վերաֆորմատացման հետ: «Եթե մենք վերլուծում ենք ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայների որակը՝ ոչ միայն քանակը, մենք կարող ենք տեսնել, որ այդ ձայների մեջ կան տարբեր խմբեր՝ կան ձայներ, որ գալիս են բուն Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածից, կան ձայներ, որ գալիս են ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածից, որ գտել են առավել նպատակահարմար մեկին, կան նախկին «Օրինաց երկրից» ձայներ, սակայն այս ընդհանուրի մեջ կան պրորաֆֆիական և հակահանրապետական ձայներ: Եվ եթե մենք խոսում ենք նոր ընդդիմության մասին, ապա պետք է գտնենք այս ձայների մեջ կորիզը»,- նշեց քաղաքագետը:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Մեկնաբանել