88-ից քառորդ դար անց

1988թ. փետրվարի այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը նշանավորեց մի ամբողջ դարաշրջանի ավարտ և սկիզբ՝ ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար: 88-ի փետրվարին Երևանի Թատերական հրապարակում (որ դարձավ Ազատության հրապարակ) և Խորհրդային Հայաստանի ու Արցախի մյուս մեծ ու փոքր քաղաքների հրապարակներում հավաքվածները պատկերացնել անգամ չէին կարող, որ երեք տարի հետո Հայաստանն անկախանալու է, իսկ վեց տարի անց հայ ժողովուրդը կերտելու է իր պատմության փառահեղ հաղթանակներից մեկը:

Շարժումից քառորդ դար անց Հայաստանում և Արցախում որոշակի շրջանակներ շարունակում են, Ղարաբաղի հարցը պատճառաբանելով, խոչընդոտել պետության և հասարակության զարգացման համար այդքան անհրաժեշտ ժողովրդավարական գործընթացները: Իրականում, սակայն, հենց այդ ժողովրդավարական գործընթացները կարող էին (են) հայկական պետությունների ամենալուրջ բանակցային լծակը լինել Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Իրականում ժողովրդավարական գործընթացները ոչ թե խոչընդոտում, այլ նպաստում են ռազմական և դիվանագիտական հաջողությունների ամրագրմանը՝ թե՛ երկրի ներքին զարգացման, թե՛ միջազգային վարկանիշի առումով:

Ներքին զարգացման առումով, որովհետև, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական պետությունները տնտեսական, քաղաքական և ռազմական երկարաժամկետ հզորության առումով ավելի արդյունավետ են: Եթե Իսրայել Պետության հիմնադիր հայրերը առաջնորդվեին Հայաստանի այս տարիների ղեկավարների տրամաբանությամբ, ապա 1948-ից հետո այդ երկրում իշխանափոխություն չպետք է լիներ: Բայց Իսրայելի արդյունավետ ռազմական, տնտեսական, գիտական հզորությունը առաջին հերթին գալիս է արդյունավետ քաղաքական համակարգից:

Միջազգային վարկանիշի առումով, որովհետև Հայաստանում և Արցախում ժողովրդավարական գործընթացները միմիայն կամրապնդեն հայկական կողմի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: Ժողովրդավարական ամուր համակարգեր ունենալու պարագայում միջազգային հանրության համար անհեթեթություն կլինի քննարկել Ադրբեջանի կազմում Արցախի համակեցության որևէ տարբերակ: Առնվազն հայկական կողմի համար դա լուրջ հաղթաթուղթ կլինի:

Ղարաբաղյան շարժումից քառորդ դար անց Հայաստանը կարծես ջրբաժանի առջև կանգնած լինի՝ գնալ ժողովրդավարության ճանապարհով, թե հին տրամաբանությամբ ու լճանալ:

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել