Առվույտը վիճակ է փոխելու

Կառավարությունում որոշել են սուբսիդավորել կերային մշակաբույսերի սերմացու ձեռքբերումը. այս նպատակով գործադիրը հատկացնելու է Դ700 մլն։ Ինչ արդյունք է ապահովելու գյուղացիական տնտեսություններին տրամադրվող 850 տ գարու, 530 տ կորնգանի կամ 37 տ առվույտի սերմացուն՝ գյուղնախարարությունում միայն ընդհանուր գծերով են պատկերացնում։

Կառավարությունը որոշել է սուբսիդավորել հացահատիկային կերային մշակաբույսերի սերմերի ձեռքբերումը։ Համաձայն գործադիրի երեկվա նիստում ընդունված որոշման՝ գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք է բերվելու և գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։

Սերմերի ձեռքբերման և հետագայում գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար նախատեսվում է ուղղել շուրջ Դ700 մլն։
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին» որոշումը ներկայացնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության կարևորագույն ծրագրերից է։

«Մենք շարունակում ենք բարձրորակ սերմեր ներկրել Հայաստանի Հանրապետություն և, հասկանալի է, արտադրողականության աճ ենք ապահովում դրա շնորհիվ։ Հայտերը ստացել ենք մարզպետներից, պահանջարկը գնահատվել է»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ գինը, որով տրվելու է սերմացուն, շուկայականից ցածր է. այն շուրջ 40%-ով սուբսիդավորում է կառավարությունը։

«Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ մեծ ծավալի կորնգան ենք ներկրում՝ առաջին անգամ շուրջ 530 տ, որը հիմնականում որպես կեր է օգտագործվում և որն էապես փոխելու է իրավիճակը»,– նշել է վարչապետը։

Այդուհանդերձ, գյուղատնտեսության նախարարության «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2012թ. ծրագրում» որևէ խոսք չկա, թե սերմացուի ներկրման այս ծրագիրը որքանով է նպաստելու ցանքատարածությունների ու ակնկալվող բերքի ծավալի ավելացմանը, կամ ինչպիսի մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովելու այն, օրինակ՝ անասնաբուծության ոլորտում։

Գյուղնախարարությունը ծրագրի «ակնկալվող արդյունքներ» բաժնում նշում է միայն, որ պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծվելու են հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալներ, բացի այդ՝ ներդրումների մատչելիության միջոցով բարձրանալու է արտադրության արդյունավետությունը, պահպանվելու են ագրոպարենային ոլորտի աշխատատեղերը, ստեղծվելու են նորերը, երկրի ագրոպարենային համակարգում կայուն իրավիճակի ձևավորման նախադրյալներ են ստեղծվելու, ավելանալու են ցանքատարածությունները և համախառն բերքը, բարձրանալու են գյուղացիական տնտեսությունների եկամուտները, ինչը, ի վերջո, ապահովելու է տնտեսական աճ։

Մեկնաբանել