#CivilNetCheck-ի հարցումը՝ Սևանի ափին Սասուն Միքայելյանի տարածքների վերաբերյալ քրեական վարույթի հիմք

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի՝ #CivilNetCheck-ի, հարցումից հետո քրեական վարույթ է հարուցել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի՝ Սևանի ափին ունեցած տարածքների հետ կապված։
Քրեական վարույթը նախաձեռնվել է #CivilNetCheck-ի՝ հուլիսին գլխավոր դատախազություն ուղարկված հարցման հիման վրա։ Հարցմամբ խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք դատախազությունը ուսումնասիրել է Միքայելյանի կողմից Սևանի ափին ինքնակամ շինությունների տիրապետման և դրանց մասով վարձավճարներ կատարած լինելու հանգամանքները։
Մի քանի ամիս անց ստացված պատասխանում դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրել է Սասուն Միքայելյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2002-2021թթ. կնքված վարձակալության պայմանագրերը և հայտնաբերել խախտումներ։
Հայտնաբերված խախտումների հիման վրա դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ նախաձեռնել է քրեական վարույթ։ Դատախազությունը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվել Միքայելյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2021-ին կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2003-ին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։ Այդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կամ անփույթ կատարման համար, որը կարող է հանգեցնել էական վնասի։ Հոդվածով նախատեսվում է տուգանք՝ 300,000–500,000 դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Հակակոռուպցիոն կոմիտեից քրեական վարույթը փոխանցնվել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ի՞նչ էինք պարզել
Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հուլիսին զրկվել էր անձեռնմխելիությունից․ նրան մեղսագրվում է Սևանի ափին պետական հողատարածք զավթելն ու առանց թույլտվության շինարարություն իրականացնելը։ #CivilNetCheck-ը տեղեկացել էր, որ Սևանի ափին ինքնակամ շինությունների է տիրապետում նաև Սասուն Միքայելյանը, որի մասով, սակայն, քրեական վարույթ չէր նախաձեռնվել։
#CivilNetCheck-ը օգոստոսին հրապարակել էր հետաքննություն, որում բացահայտել էինք, որ Միքայելյանը առնվազն տասը տարի՝ 2010–2021-ը, օգտագործել է Սևանի ափին գտնվող տարածքներ՝ առանց պայմանագրի և որևէ վճարում չի իրականացրել։
Տես՝ Սասուն Միքայելյանի Սևանի գույքն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի
Փաստերի ստուգում
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










