Մեծ Բրիտանիայի նախարարը` ՀՀ նախագահի ընտրությունների մասին

Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները որակել է որպես մեկ քայլ առաջ Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում, հաղորդում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության մամուլի ծառայությունից:

«Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը:

Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում»,- ասել է նախարարը:

Մեկնաբանել