Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խուզարկությունը վերաբերում է Արցախում գործած հիմնադրամներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նշեց, որ ժամանակին հենց Արցախի իշխանություններն են փաստերը փոխանցել Հայաստանի իրավապահ համակարգին՝ կապված Արցախի ներդրումային հիմնադրամների հետ։
«Կարծես թե որևէ հիմք չկար Արցախի ներկայացուցչությունում որևէ խուզարկություն իրականացնելու, դրա համար ես չեմ կարծում, թե այստեղ տեղի ունեցողը իրավական պրոցես է, և սա ավելի շատ Հայաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում է, որի մասին իրենք, ի դեպ, պարզորոշ խոսում են, և սա զուտ վերլուծություն չէ»,- ասաց Աբրահամյանը։
Այս տարվա ապրիլի 18-ին մի շարք արցախցիներ Ներկայացուցչության դիմաց պահանջում էին վերադարձնել Ներդրումային հիմնադրամից, իրենց խոսքերով, թալանված գումարները։
Շահրամանյանն այն ժամանակ լրագրողներին ասաց, որ ինքը անձամբ դիմում է ներկայացրել դատախազություն և հարցրեց՝ ինչո՞ւ արցախցիները չեն գնում գլխավոր դատախազություն և պահանջ չեն ներկայացնում։
Որոշ ընդդիմադիրներ կարծում են, որ խուզարկությունները սկսվել են երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հնչած քննադատություններից հետո։
Տե՛ս նաև https://www.youtube.com/watch?v=5XD8wXDInB8&t=2962s
Civilnet











