Բարձր աշխատավարձերը հրապարակվում են, ցածրերը՝ ոչ․ ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն

Հայկ Հովհաննիսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի նոյեմբերի 5-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ Հայաստանում շարքային կոչումով պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։
Հաջորդ օրը տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով Զինված ուժերում ատեստավորման գործընթացին, ներկայացրեց նաև կոնկրետ թվեր։
«Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300-400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600-700,000 դրամ վարձատրություն և 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հավելեց նաև, թե 700,000 և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր զինծառայողներին:
Վարչապետի հայտնածը «կեղտոտ աշխատավարձն է»
Պաշտպանության նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ վարչապետի հրապարակած վարձատրության չափերը հաշվարկային են, այսինքն՝ ներառում են հարկերը և պարտադիր վճարները։ Փաստացի՝ զինծառայողների ստացած մաքուր աշխատավարձը զգալիորեն ավելի քիչ է լինելու եկամտահարկի և դրոշմանիշային վճարի պահումներից հետո։
Ուշագրավ է, որ ՊՆ-ն հրաժարվել է տրամադրել ավելի ցածր վարձատրվող շարքային-պայմանագրային զինծառայողների թիվը։ Մասնավորապես, գերատեսչությունը չի պատասխանել այն հարցին, թե քանի շարքային-պայմանագրային զինծառայող է ստանում մինչև 200,000 դրամ կամ 200-300,000 դրամ աշխատավարձ։
Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել է ավելի քան մեկ ամիս անց՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետները։ ՊՆ-ն մերժել է տրամադրել պահանջվող տվյալները՝ հղում անելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությանը վերաբերող հոդվածներին։ Մինչդեռ համանման տվյալներ ավելի վաղ հրապարակել էր ինչպես վարչապետը, այնպես էլ հենց նախարարությունը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Հակառակ հայտարարության՝ ատեստավորումը չանցածների պայմանագրերը չեն խզվել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում խոսել էր պայմանագրային զինծառայողների ատեստավորման «կամավոր-պարտադիր» սկզբունքի մասին։ Նախարարը հայտարարել էր, որ տրվում է երեք տարի՝ ատեստավորումը կամավոր անցնելու համար։
«Բայց եթե դու էդ ատեստացիան չես անցնում, որ պայմանագրիդ ժամկետը ավարտվեց, մենք քո հետ չենք երկարացնելու պայմանագիրը։ Ինչպես բանակում է՝ կամավոր-պարտադիր», - ընդգծել էր Պապիկյանը։
Նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի փետրվարին՝ նշելով, որ ատեստավորումը երրորդ անգամ չհաղթահարելու դեպքում զինծառայողներին զորացրելու «որոշումներ պետք է կայացվեն», ինչին ի պատասխան Պապիկյանն արձագանքել էր, որ խնդիր է դրված ատեստավորումը ամբողջությամբ անցկացնել առավելագույնը երեք տարում։
Սակայն պարզվում է, որ պաշտոնյաների այս հայտարարությունը այդպես էլ չի ամրագրվել օրենքով։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածում միայն նշվել է, որ ատեստավորում անցած լինելը «որոշիչ նշանակություն ունի» հերթական պայմանագիր կնքելու համար։
Պաշտպանության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մինչ օրս ատեստավորումը չանցնելու պատճառով պայմանագրային զինծառայողների հետ պայմանագիրը չերկարացնելու դեպքեր չեն գրանցվել, իսկ պայմանագրային զինծառայողների 35 տոկոսը դեռ չեն մասնակցել ատեստավորմանը։
Քանի՞ զինծառայող է մասնակցել ատեստավորմանը և ինչ արդյունքներով
#CivilNetCheck-ը փորձել է պաշտպանության նախարարությունից ստանալ պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների մանրամասն վիճակագրությունը։ Գերատեսչությունը չի տրամադրել 2023 թվականից մեկնարկած ատեստավորման ծրագրի մասնակիցների կոնկրետ թվերը, այլ միայն ատեստավորման արդյունքների տոկոսային հարաբերակցությունը։
Ու թեև նախարարությունը չի տրամադրել որևէ տարում ատեստավորման ծրագրին մասնակցած պայմանագրային զինծառայողների թիվը, սակայն դեռ 2024-ի փետրվարին ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԺ-ում ունեցած ելույթում մանրամասն ներկայացրել էր 2023-ի տվյալները։
Ըստ այդմ, 2023-ին ատեստավորմանը մասնակցելու դիմում էր ներկայացրել 5,908 պայմանագրային զինծառայող, որոնցից փաստացի մասնակցել է 5,783-ը։ Արդյունքները մտահոգիչ էին. մասնակիցների կեսից ավելին՝ 2,957 զինծառայող, ստացել էր «անբավարար» գնահատական։
Պաշտպանության նախարարության՝ #CivilNetCheck-ին տրամադրած տվյալները հաստատում են այս պատկերը։ Ըստ ՊՆ պատասխանի՝ 2023-ին «անբավարար» է ստացել ատեստավորմանը մասնակցած պայմանագրայինների 50.8 տոկոսը։ «Գերազանց» ստացել է ընդամենը 1.7 տոկոսը, «լավ»՝ 10.5 տոկոսը, իսկ «բավարար»՝ 37 տոկոսը։
Հաջորդող տարիներին, ըստ ՊՆ տրամադրած տվյալների, արդյունքները որոշակիորեն բարելավվել են, սակայն բացասական գնահատականների մասնաբաժինը շարունակում է զգալի մնալ։ Այսպես, 2024-ին «անբավարար» ստացողների մասնաբաժինը կազմել է 39.4 տոկոս, «գերազանց» է ստացել 2.3 տոկոսը, «լավ»՝ 16.6 տոկոսը, իսկ «բավարար»՝ 41.7 տոկոսը։
Ստացվում է՝ ՊՆ-ի տրամադրած տվյալներով 2024-ին ատեստավորման շեմը հաղթահարել է մասնակից պայմանագրայինների 60.6 տոկոսը։ Այս ցուցանիշը տարբերվում է կառավարության 2024 թվականի կատարողականի զեկույցի տվյալներից, որոնք 2025-ի մարտի 21-ին ԱԺ-ում հնչեցրել էր նախարար Պապիկյանը։
Ի դեպ, այս զեկույցում էլ նշված է 2024-ին ատեստավորմանը մասնակցածների թիվը, որը ՊՆ-ն մեզ չի տրամադրել։ Ըստ զեկույցի՝ այդ տարի ատեստավորմանը մասնակցել է 13,500 զինծառայող, որոնց 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։

Ինչ վերաբերում է 2025-ին, ապա տրամադրված տվյալներով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ «անբավարար» ստացել է 2025-ին ատեստավորմանը մասնակցածների 36 տոկոսը։ «Գերազանց»՝ 1.4 տոկոսը, «լավ»՝ 16 տոկոսը, «բավարար»՝ 46.6 տոկոս։ Քանի զինծառայող է մասնակցել 2025-ի ատեստավորմանը և բանակի պայմանագրային զինծառայողների քանի տոկոսն է ատեստավորված՝ հայտնի չէ։ ՊՆ-ն այս տվյալները ևս չի տրամադրել։
Փաստերի ստուգում
CivilNetCheck










