Պետք է տեղի ունենա ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքացիական համախմբում. Փաշինյան

ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին: Ստորև ներկայացված են Փաշինյանի ելույթից հատվածներ:

Այս օրերին ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս բոլորին ամենաշատը հետաքրքում է մի հարց` ինչ է  կատավարում ՀՀ-ում: Փետրվարի 18-ից հետո ՀՀ-ում հաստատվել է քաղաքական նոր իրավիճակ, որ բխել է դեռ նախընտրական շրջանից, երբ քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին: Այս պայմաններում թվում էր` ընտրություններից հետո պետք է ձևավորվի միաբևեռ համակարգ, որի գլխին պետք է կանգած լինի Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ աննախադեպ մի բան. ժողովուրդն ինքնակազմակերպվեց որպես պայքարի երկրորդ բևեռ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պայքարի կողմերը երկուսն են` մեկը 2008թ. մարտի 1-ին իշխանությունը բռնազավթած իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկրորդը` ՀՀ ժողովուրդը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Յուրաքանչյուր բևեռ այսօրվա իրավիճակում ունի և հաղթանակ, և հաջողություն, և անհաջողություն: Սերժ Սարգսյանի հաջողությունն այն է, որ նա շարունակում է մնալ իշխանության գլուխ, անհաջողությունը, որ եբրևէ չի ստանա իր ուզածը: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա նրան չի հաջողվի շրջել մարտի 1-ի արյունալի էջը:

Ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի` առայժմ ժողովրդին այսօրվա դրությամբ չի հաջողվել արձանագրել այդ հաղթանակը: Եթե պիտի Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակյը ձևակերպելու լինենք, չենք կարող հերթական անգամ քաղաքական տերմինով բնորոշել պայքարը:

ԿԸՀ նախնական տվյալները` Րաֆֆի Հովհանիսյանը պետք է հռչակված լիներ ՀՀ նախագահ: ՀՀ-ում հաստատված է «օլոմբա» քաղաքական իրավիճակ: Նա երեկ իր աշխատասենյակում ընդունել է Սերժ Սարգսյանին:

Առաջ շարժվելու համար պետք է արձանագրել հետևյալ իրավիճակը: Կողմերից մեկը, որը կարձանագրի հախուռն, հապճեպ գործողություններ, տանուլ կտա:

Առաջին արձանագրումը. մենք ունենք մինիմում ծրագիր՝ ժողովուրդը չպետք է պարտվի:

Ի՞նչ անել: Առաջինը` չտալ որևէ հնարավորություն, որ հրոսակախմբերն ուժային որևէ գործողություն ձեռնարկեն ժողովրդի նկատմամբ: Մենք դա կարող ենք անել, և կանենք:

Երկրորդը` չգնալ որևէ պայմանավորվածության ապօրինի իշխանության հետ, որևէ պայմանով, որևէ ակնարկով չճանաչել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Նա երբեք չի եղել և չի լինի ՀՀ նախագահ:

Սերժ Սարգսյանը ոչ մի հանգիստ գիշեր չպետք է անցկացնի այսօրվանից սկսած: Նա այսօր չունի օրինական իշխանություն: Այսօրվա հրապարակն արդեն ապահովում է դա:

ՀՀ-ում պետք է տեղի ունենան անտեսանելի պրոցեսներ, և դա պետք է տեղի ունենա մեր ուղեղներում:

Սերժ Սարգսյանը չպետք է որևէ պաշտոնական կարգավիճակ ունենա ՀՀ-ում:

Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ուզում են Հայաստանում օրինական իշխանության հաստատում, պետք է լինեն Ազատության հրապարակում, ընդ որում` ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այլ հրապարակում` ժողովրդի կողքին: Որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է ժողովորդի կողմից, բացառապես ժողովրդին է պատկանում իշխանությունը: Եվ ժողովուրդն իր որոշումը կայացրել է: Եվ մենք` քաղաքական գործիչներս ունենք մեկ նպատակ` ժողովրդի ցանկությունն ի կատար ածել:

Սերժ Սարգսյանին պետք է օր ու արև չտալ: Պետք է բացառել ուժի կիրառումը:

Պետք է տեղի ունենա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքացիական համախմբում: Պրոցեսը պետք է մտնի նաև գյուղերը, քաղաքացին պետք է վերահաստատի իր որոշումը և իր կամքը պարտադրի ապօրինի վարչախմբին:

 ՀՀ-ն պետք է դուրս քաշել իշխանության տակից, նա կառավարելու որևէ բան չպետք է ունենա` բացի իր հեռացումից: Եվ ուրեմն հաղթանակ, կամ ոչինչ: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե քաղաքացիությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելուն են ազատ և երջանիկ Հայաստանում: