Բարևոլուշն է սա, և անկասելի է այս կանխատեսված պայքարը. Րաֆֆի Հովհաննիսյան

Բարևոլուշն է սա. մենք անցնելու ենք մարզերով, հայտարարություններ ենք անելու Ազգային ժողովում, հանրահավաքներ՝ անակնկալներ ու ծրագրված գործողություններ. նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Ես գնալու եմ, շրջելու եմ մարզերով: Հանդիպելու եմ մարդկանց, որ գուցե ինձ չեն քվեարկել, ուրիշին են զորակցել, սակայն իրենք էլ մեր ժողովուրդն են, իրենք վիճակագրություն չեն, իրական մարդիկ են»,- նշեց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ սխալվում են նրանք, ովքեր իրեն մեղադրում են հակասահմանադրական հայտարարությունների և կոչերի մեջ: «Եթե ես խախտել եմ, թող ինձ ենթարկեն պատասխանատվության: Բայց նույնը ես պահանջում եմ պարոն Սարգսյանից, մարզպետից մինչև քաղաքապետ, բոլոր նրանցից, ովքեր լցոնում արեցին, բռնություն իրականացրին, բոլորը պիտի պատասխան տան: Պարոն Սարգսյանը չպիտի շամպայնը խմեր: Նա գիտի, և ողջ ժողովուրդը գիտի, որ նա հաղթած չէ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով շահարկումներին, թե Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման ձայնագրությունը կա, և այնտեղ առկա են «իր համար ոչ շահեկան դրվագներ»՝ նա ասաց. «Պարոն Սարգսյանը ինձ վստահեցրեց, որ մենք երկուսով ենք, բայց եթե կա այդպիսի ձայնագրություն, ապա ես պահանջում եմ հրապարակել այն: Ես դրա համար էլ ցանկանում էի, որ բաց, հրապարակային հանդիպում լիներ»: Նա պատմեց նաև ընդհատված ձայնագրության մասին. «Ես ասացի, որ այլևս առաջին տիկին չպիտի լինի, այդ ինստիտուտը պետք է վերացվի, որովհետև առաջին տիկին է ամեն հայ կին»:

Ինչպես և Ազատության հրապարակում էր ասել, Հովհաննիսյանը պատմեց, որ իր բոլոր առաջարկներին Սարգսյանը «ոչ» է պատասխանել. «Սակայն շատ ավելի լավ է, որ շիտակ պատասխանեց, քան՝ դիվանագիտական պատասխան տար»:

Իր հետևորդներին չհիասթափեցնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է աշխատել քաղաքական և քաղաքացիական տարբեր ուժերի հետ. արդեն իսկ բազմաթիվ աջակիցներ ունի, և «այս հոսանքն էլ շարունակվում է»: «Ես հասկանում եմ, որ քաղաքացիական մեր պայքարը պիտի ձևավորվի հրապարակում, հետևաբար, պիտի լինեն նաև անակնկալներ՝ չի լինելու այնպես, որ հավաքվենք միևնույն տեղը 24 ժամ ու ասենք նույն բանը: Մենք գնալու ենք սահմանից սահման, և Ազգային ժողովում էլ նոր վիճակ կլինի: Նաև, ես պայքարից հետ չեմ կանգնելու: Եթե որևէ մեկը ձեռք բարձրացնի հայ մարդու վրա, ես կանգնելու եմ նրա կողքին, ես «զադնի չեմ դնելու»: Մենք հանրահավաքների թվաբանական շարան չենք անելու»,- նշեց նա:

Հովհաննիսյանը վստահ է, որ «այս վարչակարգի օրերը հաշված են», և եթե ապակայունացում է լինելու, ապա դա միայն լինելու է վարչակարգի ձեռքի գործը: «Եթե խնդիր լինի, ես լինելու եմ առաջին գծում,- ասաց նա:- Այս պայքարն անկախատեսելի չէր, այն կանխատեսելի էր, և այս պայքարը անկասելի է»:

Անդրադառնալով իրեն ձայն տվողների հասցեին Վանաձորի քաղաքապետի՝ «անգիտակիցներ» և Հայկ Բաբուխանյանի «համասեռամոլներ և աղանդավորներ» բնորոշումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես հարգում եմ այդ մարդկանց՝ իրենց խոսքն ասելու իրավունքը, սակայն չեմ ընդունում նրանց խոսքի բովանդակությունը: Ով այդպես խոսում է հայ մարդու մասին մեծ խնդիրներ ունի հայ մարդ կոչվելու հետ»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի