Ահազանգել են քվեարկության օրվա 104 և 70 հետընտրական ընտրախախտումների մասին

Նախագահական ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (23.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ) տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում է 104 դեպք, որից 37-ը վերաբերվում է ընտրակաշառքին, 20-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 14-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 12-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 1-ը` քարոզչություն կատարելուն և 5 այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ գույքի դիտավորյալ վնասում, ինտերնետային փոստ ապօրինի մուտք գործել):

Հիշյալ դեպքերից 4-ով հարուցվել են քրեական գործեր (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով), և կատարվում է նախաքննություն, 2 նյութ որպես նույնաբովանդակ կցվել է ընթացիկ նյութի, 1 նյութ եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 8 նյութեր ուղարկվել են ՀՔԾ:

43 նյութով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, որից 31-ը` հետաքննության մարմնի կողմից, 12-ը` նախաքննության, իսկ 46 նյութով նախապատրաստումը շարունակվում է:

Նշված 104 ահազանգերից 41-ը ստացվել է Երևանում, իսկ 63-ը` մարզերում:

Հետընտրական ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 23.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ) պատկերը հետևյալն է.

Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ այսօրվա դրությամբ քննարկման փուլում է 70 դեպք, որից 15 դեպքը վերաբերվում է ընտրակաշառքներին, 23-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 4-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 4 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ:

Նշված 70 ահազանգից 40-ը ստացվել է Երևանում, իսկ 30-ը` մարզերում:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումները կատարում են ստուգումներ, և նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանությունը հայտնում է, որ նշված 70 դեպքերից 12 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, և 12 նյութ եզրակացությամբ շարք է կցվել` թողնվելով անհետևանք, 3 նյութ ուղարկվել է ՀՔԾ: