Գլխավոր Լրահոս

Հավաք Մայր Աթոռում․ ամփոփում

Հավաք Մայր Աթոռում․ ամփոփում

Հայ Առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ կոչ էին արել ժողովրդին դեկտեմբերի 18-ին միանալ իրենց և Մայր Աթոռում պահանջել Գարեգին Բ-ի հեռացումը։ Ավելի ուշ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռում: Հավաքի կարևոր իրադարձությունները՝ ամփոփ։

Մայր Աթոռում էին մեծաթիվ ոստիկանական ուժեր։  Ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշեց, որ բախումներին արձագանքելու անհրաժեշտության համար են այնտեղ, և որ «Մայր Աթոռը բոլորինս է»։

Հավաքին մասնակցեց նաև «Մեր ձևով» շարժման համակարգող, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ չի պայքարում եկեղեցու դեմ: Նա նշեց, որ կաթողիկոսին հանգստյան գնալու կոչով հանդես եկող բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանությունը «կոմպրոմատներ ունի»:

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ևս վստահություն հայտնեց, որ եպիսկոպոսների հավաքի «հետևում վարչապետն է կանգնած»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ եպիսկոպոսների գործողությունները չի ուղղորդում, բայց ողջունում և աջակցում է։

Վարչապետը լեգիտիմ է համարում եպիսկոպոսների հրավերը։ Հարցին՝ արդյոք ինքը ևս մասնակցելու է այդ հավաքին, վարչապետը նշեց՝ նման որոշում չունի և դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասնակցեց ժամերգությանը։ Նրա ելույթը ուղեկցվում էր բակից հնչող սուլոցներով և գոռոցներով։ Ելույթում կաթողիկոսը նշեց, որ առկա խնդիրները լուծվում են կանոնական կարգով: Նա հորդորեց սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, նշեց, որ «Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով»։

Հավաքն ավարտվեց նրանով, որ տասը եպիսկոպոսները հավաքվածներին տեղեկացրին՝ վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար», - ասաց Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում