Վանաձորը Ղարաքիլիսա կկոչվեր, եթե 18 թիվը չլիներ. Րաֆֆի Հովհաննիսյան

Վանաձորը կոչվում էր Ղարաքիլիսա, և այդպես կկոչվեր, եթե չլիներ 1918թ-ի հեղափոխությունը, հիմա էլ հեղափոխության ժամանակն է. Վանաձորի Արցախի պուրակի հանրահավաքում ելույթ ունենալով՝ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այս անգամ էլ փետրվարի 18-ին մենք հավաքվեցինք միասին ու ցույց տվեցինք, որ հայ մարդը իր երեխայի, իր ապագայի համար պատրաստ է պայքարի կանգնել…. Նկարեք, տղերք,- ընդհատելով ելույթը՝ դիմեց նա անվտանգության աշխատակիցներին,- նկարեք, բայց եթե քաղաքացիներին կպչեք, պատասխան եք տալու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե Վանաձորի քաղաքապետն իսկապես իրեն ընտրած վանաձորցիներին «անգիտակից» է կոչել, ապա պիտի հրաժարական տա:

«Ոչ մեկը մի ամիս առաջ կարծում էր, որ Վանաձորի քաղաքացին ուներ արժանապատվություն: Մեզ թույլի ու վախկոտի տեղ էին դրել: Իրենք հասկացան»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը կրկին խոսեց առաջին տիկնոջ ինստիտուտը վերացնելու մասին: «Ես չեմ հավատում առաջին տիկնոջ ինստիտուտին: Արմենուհին իմ կինս է, և իմ անմիջական վերադասս»,- ասաց նա՝ հավելելով, որ կինն իրենց ճանապարհելիս այսօր կրկին հորդորել է միայն ու միայն խաղաղությամբ, սիրով պայքարել: «Ոչ մեկ սպառնալիք մեզանից: Ինչ սպառնալիք որ լինի, այն մեքենաներից է լինելու»,- կրկնեց նա՝ ցույց տալով անվտանգության մեքենաների կողմը: Հովհաննիսյանն ասաց նաև, որ տեղեկություններ կան, որ ոստիկանությունը փակել է գյուղերի ճանապարհը՝ խոչընդոտելով հանրահավաքին մասնակցելու եկողների երթևեկը:

Մեկնաբանել